Իրանի հետ երկխոսության մասնակից երկրների մեծ մասը համաձայն է ԵՄ առաջարկին, դեռ պատասխան չկա ԱՄՆ-ից

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորել, արխիվ

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսքով՝ Իրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքի վերականգնման շուրջ երկխոսության մասնակից երկրների մեծ մասը համաձայն է ԵՄ առաջարկին, բայց դեռ պատասխան չկա Միացյալ Նահանգներից, որը Բորելն ակնկալում է ստանալ այս շաբաթվա ընթացքում։

Վաշինգտոնն, իր հերթին, հայտարարել է, որ աշխատում է հնարավորինս արագ՝ համապատասխան արձագանք տալու նախագծի տեքստի վերաբերյալ Թեհրանի մեկնաբանություններին:

Իսպանիայի ազգային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Բորելն ասել է նաև, որ Իրանը մի քանի ճշգրտում է խնդրել։ Թե ինչ, Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը չի հրապարակել:

Նախօրեին, մինչդեռ, Բորելն ասել էր, որ Թեհրանի կողմից նախագծին տրված պատասխանները «ողջամիտ» են, և որ բանակցությունների նոր փուլը կարող է անցկացվել արդեն այս շաբաթ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը չի ընդունում բանակցությունները ձգձգելու վերաբերյալ Իրանի մեղադրանքները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է բանակցությունները ձգձգելու մեջ