1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը:
Այդ փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: Ամրագրվեց, որ Հայաստանն ունենալու է սեփական Զինված ուժեր:
«1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում», - Ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - «Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ: Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչև օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որն ունենալով նույնիսկ՝ այն ունենալու համար հոգ պիտի տանես ամեն օր»:
«Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար: Անկախությունը մեզ համար անվտանգություն է, որն ապահովող միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, և առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում», - գրել է Փաշինյանը:
«Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարևանների հետ. մենք թեև մեր հարևաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ, մյուս մասի հետ հարաբերություններում որևէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետև նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում:
Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ», - գրում է Հայաստանի ղեկավարը՝ շարունակելով՝ անկախությունը նաև առերեսում է «ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ», մտածողություն է՝ «պետականակենտրոն մտածողություն, և սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան», ազատություն է, աշխատանք է:
«Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետևյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետևաբար ունենանք Անկախություն, կունենա՛նք Անկախություն», - ամփոփում է իր ուղերձը Նիկոլ Փաշինյանը: