Վաղը Ղրղըզստանում սուգ է հայտարարված` ի հիշատակ երկրի 14 քաղաքացիների և երկու ռուսաստանցիների, որոնք զոհվել են Ռուսաստանի Ուլյանովսկի մարզում ավտովթարի հետևանքով:
Դեպքը տեղի է ունեցել երեկ, Ռուսաստանի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել` պարզելու հանգամանքները։
Վթարի հետևանքով նաև վիրավորվել են Ղրղըզստանի երեք քաղաքացիներ, որոնցից մեկի ազգականը «Ազատության» ղրղըզական ծառայությանը հայտնել է, որ ականտես է եղել՝ ինչպես էր մարդկանց տեղափոխող միկրոավտոբուսը կանգնած բեռնատարի հետևում, երբ մեկ այլ բեռնատար հարվածել է հետևից։
Ոստիկանության տարածած տեսանյութը ցույց է տալիս, թե միկրոավտոբուսը ինչպես է ճզմվել երկու բեռնատարների միջև։
Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը հանձնարարել է արտաքին գործերի ու արտակարգ իրավիճակների նախարարություններին, ինչպես նաև քաղավիացիայի ծառայությանը՝ կազմակերպել 14 քաղաքացիների դիերի տեղափոխումը հայրենիք։