«Մանչեսթըր Յունայթեդ» անգլիական թիմը համաձայնեցրել է իսպանական Լա Լիգայի չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ի հետ «ունիվերսալ կիսապաշտպան», բրազիլացի Կասեմիրոյին ձեռք բերելու գործարքը:
30-ամյա ֆուտբոլիստն այժմ պետք է բրիտանական աշխատանքային վիզա ստանա և բժշկական ստուգում անցնի:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, «Մանչեսթըր Յունայթեդը» «Ռեալ»-ի հետ պայմանագիրը կնքել է 4-5 տարով՝ շուրջ 70 միլիոն եվրոյով: Կասեմիրոն կստանա 16 միլիոն եվրո:
Նա համարվում է «ունիվերսալ կիսապաշտպան», քանի որ արդյունավետ խաղում է պաշտպանությունում և հաճախ մասնակցում է գրոհներին:
«Ռեալ»-ի մարզիչ Կարլո Անչելոտին վերջերս ասել է, թե «Կասեմիրոն ուզում է հեռանալ և ուժերը փորձել մեկ այլ ակումբում»:
2013 թվականին «Սան Պաոլո» բրազիլական ակումբից տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»՝ Կասեմիրոն հինգ անգամ դարձել է Լա Լիգայի չեմպիոն, երեք անգամ վաստակել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ՝ Իսպանիայի Արքայական գավաթը, երեք անգամ դարձել է ֆուտբոլի ակումբային առաջնությունների չեմպիոն և ստացել է բազում այլ մրցանակներ: Բրազիլիայի հավաքականի կազմում Կասեմիրոն 63 խաղ է անցկացրել: