Խոշտանգումը ոստիկանների համար ցուցմունք կորզելու եզակի «արդյունավետ» գործիքներից է. Իոաննիսյան

Փաստաբան Էդգար Հակոբյանը հենց ոստիկանական բաժանմունքում է լսել իր պաշտպանյալի՝ ցավից գալարվող ձայնը։ Ժամեր անց՝ տեսակցության ընթացքում արդեն, 41- ամյա Վահագն Մանուկյանը պատմել է՝ ինչպես են Աբովյանի ոստիկանական բաժանմունքում օրենքի ներկայացուցիչներն իրեն խոշտանգել ու նվաստացրել:

«Ծեծել են, թքել են իր վրա, հայհոյանք են տվել, ստորացրել են իր արժանապատվությունը», - ասաց Էդգար Հակոբյանը:

Մանուկյանն այժմ անազատության մեջ է, նրա փաստաբանը տղամարդու մարմնի ու դեմքի կապտուկները լուսանկարներով է ցույց տալիս ու պատմում՝ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ատրճանակով օդ են կրակել, հարևաններն են միջամտել՝ «բակում երեխաներ կան, ի՞նչ եք անում»։

«Մոտեցել են ոստիկանության աշխատակիցները ատրճանակները ձեռքներին, Վահագն Մանուկյանն ատրճանակները տեսնելով վախեցել է, մտածել է, որ իր ուղղությամբ կկրակեն, փորձել է տնից դուրս գա: Ըստ Վահագն Մանուկյանի խոսքերի, ոստիկանները մի քանի կրակոց են արձակել, տարածքում եղել են երեխաներ, հարևանները ասել են՝ «երեխաներ կան, ինչի՞ համար եք կրակում, դրա կարիքը չկա», ոստիկանները ներողություն են խնդրել: Վահագն Մանուկյանը մտածել է, որ հնարավոր է իրեն սպանեն, կանգնել է, եկել են ու ձերբակալել», - պատմեց փաստաբանը:

Օրերս հենց այս դեպքի մասին էր ահազանգել իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, պնդելով՝ բարեփոխման տարատեսակ ծրագրերից հետո անգամ ոստիկանները շարունակում են ծեծով ցուցմունք կորզել։ Ըստ Իոաննիսյանի, Ոստիկանությունն ու կառավարությունը դրա դեմ չեն պայքարում՝ մտավախություն ունենալով, որ արդյունքում կնվազի հանցագործությունների բացահայտման՝ առանց այդ էլ ցածր ցուցանիշը։ Դանիել Իոաննիսյանն ուսումնասիրել է՝ վերջին 10 տարիների սպանությունների 25 տոկոսն է միայն դատարան հասել, վերջին 5 տարվա գողությունների՝ 10 տոկոսը։

«Սա ոստիկանների՝ պատրաստված չլինելու մասին է վկայում», - ավելացնում է Իոաննիսյանն ու իրավապահների գործողությունների երկու՝ ընդունված և չընդունված տարբերակներ առանձնացնում, - «երբ որ քաղաքացին, օրինակ, հանցագործություն կատարած անձը փախչում է, դիմադրում է, ուժ է գործադրում, նորմալ է, որ այս դեպքում ոստիկանը պիտի ուժ, նույնիսկ հատուկ միջոցներ, բացառիկ դեպքերում նույնիսկ զենք կիրառի հանցագործի դեմ պայքարելու համար, բայց դա չի նշանակում, որ բաժին բերված է այն հանցագործը, որն այդ պահին, բնականաբար, ֆիզիկական վտանգ իրենից չի ներկայացնում, պետք է խոշտանգել, ստորացնել՝ ստիպելով, որ ինքը ինքնախոստովանական ցուցմունք տա»:

Այս դեպքով արդեն քրեական գործ է հարուցվել, փաստաբանը պնդում է՝ հասնելու են նրան, որ ծեծի ենթարկած ոստիկանները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

Մեկ այլ քաղաքացի՝ 28-ամյա Հակոբ Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց՝ նախորդ ամիս, թմրանյութերի դեմ ուժեղացված պայքարի շրջանակներում, քաղաքացիական հագուստով ոստիկանները կանգնեցրել են իր մեքենան, հարցրել՝ ունի՞ թմրանյութ, խոստովանել է՝ այո, ու իջել մեքենայից։ Պնդում է՝ չի դիմադրել, բայց հենց տեղում այնպիսի դաժան ծեծի է ենթարկվել, որ մինչև հիմա տանից դուրս չի գալիս, որ քաղաքացիական հագուստով տղամարդ տեսնելիս նույն ապրումները չունենա։ Խոստովանում է՝ գուցե վատ է արել, որ թմրանյութ է օգտագործել, բայց պատրաստ է եղել բաժանմունք գնալ, ինչո՞ւ են ծեծել:

«Մարիխուանա, ինչ-որ բան կա՞ մոտդ», ասացի՝ «այո, իմ օգտագործման համար ա», ինձ քաշեցին, բա՝ «արի էս մեքենայի կողմ», գնացի մեքենայի կողմ, դրեցին մեքենայի վրա ու հանկարծակի գցեցին, սկսեցին մի քանի հոգով հարվածել, պիտակավորում էին անում, սեռական բնույթի հայհոյանքներ, մազերիցս քաշելով տարան բաժին: Ով ինձ դիմել ա, ասել ա՝ «իջի մեքենայից», անգամ չի ներկայացել, որ ինքը ոստիկան ա, ոչ մի թուղթ ոչ մի բան ցույց չի տվել, ապօրինի թմրանյութերի դեմ պայքար ես անում, գնա պայքարդ արա: Ի սկզբանե իրան ասել եմ՝ «ուր ա պետք գնալ, կա մոտս, օգտագործող տղա եմ», ճիշտ ա՝ կարող ա ես լավ բան չեմ անում, բայց ո՛չ փախել եմ, ո՛չ խփել եմ, հարցին պատասխանել եմ, խի՞ եք ինձ ծեծել էդ ձև», - պատմեց Վարդանյանը:

Քննչական կոմիտեում այս գործով նույնպես քրեական գործ է հարուցվել։ Սրանք վերջին ամիսներին արձանագրված միակ դեպքերը չեն։ Անցած տարի ոստիկաններից դժգոհ 1078 քաղաքացի է դիմել ՄԻՊ, թեև այս պահին մեզ չհաջողվեց տվյալներ ստանալ՝ նրանցից քանի՞սն են պնդել, որ բռնության են ենթարկվել ոստիկանների կողմից։

Ոստիկանությունից պնդում են՝ ոստիկանների կողմից ցանկացած հակաիրավական արարք արագ հայտնաբերվում և դառնում է քննության առարկա։ Ասացին՝ այս տարվա առաջին կիսամյակին ոստիկանների նկատմամբ 900-ից ավելի ծառայողական քննություն է իրականացվել, կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, վիճակագրությունից բացի այլ բան է արձանագրել. - «Խոշտանգման դեպքերով պատշաճ քննություն չի իրականացվում, խոշտանգող ոստիկանները պատասխանատվության չեն կանչվում ու հակառակը՝ անգամ եղել են դեպքեր, ընդ որում, ցավոք, ոչ եզակի դեպքեր, երբ որ խոշտանգում կատարած ոստիկանի պաշտոնը կամ կոչումը հետո բարձրացրել են»:

Գլխավոր դատախազության տվյալներով, ոստիկանների կողմից քաղաքացիների խոշտանգման, պաշտոնեական լիազորությունների անցմամբ նրանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ նախորդ տարի ընդամենը 2 քրեական գործ է ուղարկվել դատարան, 2019-ին՝ 5, իսկ 2018-ին՝ 3։