Հայ-վրացական սահմանին` Բագրատաշենի հատվածում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Վարչապետերի հանդիպումը կայացել է հայ-վրացական բարեկամության կամրջի գործարկման արարողության շրջանակում:
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին, ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության, կարևորել են կամուրջի գործարկումը և ընդգծել դրա դերը երկկողմ տրանսպորտային հոսքերն առավել դյուրին դարձնելու գործում:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարները նշել են, որ բարձրաստիճան ինտենսիվ շփումները վկայում են հայ-վրացական հարաբերությունների դինամիկ զարգացման և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Երկուստեք վերահաստատվել է բարեկամական կապերը հետևողականորեն խորացնելու և ակտիվ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:
200 մետրանոց կամուրջի կառուցումը սկսել էր 2021-ի ամռանը։ Ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանն այն ժամանակ ասել էր, որ գործածվող արդեն հնացած, անգամ վնասված կամուրջն այլևս ի վիճակի չէր ապահովելու երկու երկրների միջև ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները։ Հին կամուրջը կծառայի միայն վթարային իրավիճակներում որպես այլընտրանքային ճանապարհ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամուրջ է կառուցվում