Լվովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հանդիպման ընթացքում քննարկվել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը:
Ըստ Էրդողանի, քննարկվել է հացահատիկի փոխադրման շուրջ համաձայնության կայացումից հետո ստեղծված դրական մթնոլորտը պատերազմի դադարեցմանը ծառայեցնելու հնարավորությունը:
«Մեր եռակողմ հանդիպման հիմնական թեման այս պատերազմի հնարավոր ավարտն է»,- ասել է Էրդողանը:
CNN Turk հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն, Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը պետք է կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ բանակցությունների սեղանի շուրջ:
Հուլիսի 22-ին Ստամբուլում Ուկրաինան և Ռուսաստանը՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ, կնքել են համաձայնություն, որով այժմ իրականացվում է պարենի փոխադրումը ռուսների կողմից պաշարված ուկրաինական նավահանգիստներից:
«Մենք խոսել ենք այն աշխատանքի մասին, որն անհրաժեշտ է կատարել ստամբուլյան համաձայնությունն ամուր խաղաղության վերածելու համար: Ես ընդգծել եմ, որ միջազգային համայնքը պարտավոր է մեծ ջանքեր գործադրել և արագացնել դիվանագիտական գործընթացը»,- Լվովում ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: