«Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներն այսօր էլ փակ են, պայթյունի զոհերի գործընկերները, այլ քաղաքացիներ եկել էին ծաղիկներ խոնարհելու, խունկ ծխելու։
«Վարդանը մեր կոլեգան էր, Անահիտը բրդուճ էր բաժանում բոլորին, հաց էր տալիս: Ափսոսում եմ ես իրենց շատ: Ես չեմ եղել պայթյունի ժամանակ ստեղ, շատ ծանր եմ տանում: Իմ պարտքը կատարեմ մեր զոհվածների համար, ովքեր անմեղ զոհ եղան», - ասում է աշխատողներից մեկը:
«Երկու աղջիկներ ունեմ էստեղ ծանոթ, նրանց չգիտեմ` ինչ է եղել, ոչ մեկը ոչ մի տեղեկություն չի ասում: Ապրանք էին ծախում, երանի ես լինեի, թող ջահելներին չլինեի», - ասում է 80-ամյա Լաուրա Ասատրյանը, որ տոպրակներ էր գնում «Սուրմալուից» և վերավաճառում: Նա պայթյունից րոպեներ առաջ է հեռացել տարածքից։ Վատ երազի պես հիշում է՝ ինչպես վերջին վայրկյանին որոշումը փոխեց. «Տաքսի նստեցի, փաստորեն տաքսու վարորդին էլ փրկեցի, ինքը կանգնած էր դրսում, ուզում էի գնայի Կոմիտասի շուկա, նորից գայի, վերցնեի ու մտափոխվեցի ճանապարհին»:
Այս ողբերգական իրադարձության ականատես, պահակ Գագիկ Միքայելյանը միայն քաոսն է հիշում, խուճապը, որ առաջացավ պայթյունից հետո. «Մի հատ փոքր պայթյուն, հետո մեծ պայթյուն, վերջ, էնդեղ ժողովուրդն արդեն խուճապի մեջ էր»:
Պաշտոնական տվյալներով՝ եռահարկ շենքում մոտ 4 տոննա պայթուցիկ նյութեր են պահվել: Աշխատողները «Ազատության» հետ զրույցում զգուշավոր էին, ասում էին՝ մանրամասներ չգիտեն, ուրիշների ներքին խոհանոցին չեն խառնվել։
Հարցին` 14 տարվա ընթացքում իմացե՞լ եք, որ շենքում հրավտանգ նյութեր են պահվել, նրանցից մեկն ասաց. «Դե հնարավոր չի, որ չլինի: Եթե վաճառք կա, ուրեմն պահեստն էլ կողքը պետք է լինի: Դա մեր ներքին կուխնյան չի, որ իմանանք, դա արդեն իրենք գիտեն»:
«Չէ, ես տեղյակ չեմ տենց բաներից, մենք եկել ենք առավոտ, իրիկուն գնացել, բայց ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ` ինչ է անում», - ասում է մյուսը:
Տարածքը դեռ արգելափակված է, պատնեշից այն կողմ փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիսաքանդ շենքի փլուզման վտանգ դեռ կա:
ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ փրկարարները շարունակում են փնտրել անհետ կորած քաղաքացուն. «Հատվածը, որտեղ ենթադրաբար եղել է պայթյունը, այդ շրջակայքում ինտենսիվորեն աշխատանք ենք իրականացնում, որովհետև գուցե պայթյունից քաղաքացուն նշված վայրից այլ տեղ է այսպես ասած` այդ ալիքը տարել»:
«Սուրմալուի» պայթյունից 5 օր անց` այսօր, ցավակցական ուղերձ է հղել նախագահ Վահագն Խաչատրյանը՝ հորդորելով քաղաքացիներին, տնտեսվարող սուբյեկտներին և իրավասու մարմիններին խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։