«Սուրմալու»-ի շենքն ամբողջությամբ կապամոնտաժվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ շեշտելով, դա կանեն որոնողական աշխատանքներից հետո, երբ գտնեն վերջին անհետ կորածին։
Փոխնախարարի խոսքով՝ հիմա քննարկվում է շենք մուտք գործելու հարցը՝ որոնողական աշխատանքների համար։ Մասնագետներն, ըստ Գրիգորյանի, այս րոպեներին աշխատում են՝ փլուզման վտանգը հասկանալու համար։
«Մենք մոտավոր ազդակներ ունենք, թե որտեղ է պետք իրականացնել որոնողական աշխատանքներ՝ շենքի հետնամասում և կողքի հատվածում, որտեղից որ դուք հիմա տեսնում եք ամբողջովին փլուզված հատվածը և որի առաջին հարկից տեղի է ունեցել հրդեհը և պայթյունը։ Մենք հիմնականում այդ տարածքում պետք է ման գանք, այսինքն՝ շենքի դրսում՝ մուտքի մոտ և առաջին հարկում։ Հիմա մենք փորձելու ենք մուտք գործել շենքի առջին հարկ։ Հիմա դժվար է ասել, թե ինչ տեխնիկա ենք կիրառելու և ինչքան ժամանակ կտևի», - ասաց փոխնախարարը։
Գրգորյանն ավելի վաղ հայտնել էր, որ բավականին բարդ է այդտեղ աշխատելը, որովհետև շինությունը կարող է ցանկացած պահի փլվել։
Your browser doesn’t support HTML5
Փոխնախարարն այսօր ասաց, որ, ընդհանուր առմամբ, ամբողջ տարածքի 70 տոկոսը մաքրել են։
Որոնողական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, դեռևս երկու քաղաքացի համարվում է անհետ կորած։ Այսօր ավելի վաղ փոխնախարարն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ զոհերի մեջ չնույնականացված անձ կա, ենթադրություններ ունեն, որ անհետ կորած քաղաքացիներից մեկն է։
«Ըստ էության, մենք ունենք երկու անհետ կորած, սակայն 16 զոհված քաղաքացիներից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մենք ենթադրում ենք, որ 16-րդ անձը, որ դեռ չի նույնականացվել, երկու անհետ կորածներից մեկն է, եթե դա այդպես է, հետևաբար մենք կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի», - ասել էր Գրիգորյանը։