Իրադրությունը Թուրքիայի և Սիրիայի սահմանին կրկին սրվում է։ Երեքշաբթի, գրեթե ողջ օրվա ընթացքում թուրք - սիրիական պետական սահմանի մի շարք հատվածներում պայթյուններ և կրակոցներ էին լսվում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի և Սիրիայի սահմանին հրետակոծություն է տեղի ունեցել թուրք զինվորների ու քրդերի միջևԹուրքական հրետանին լուսադեմին հարվածներ հասցրեց սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքին։ Տեղական աղբյուրների պնդմամբ՝ հարվածների հետևանքով առնվազն մեկ խաղաղ բնակիչ է զոհվել։
Կեսօրին հրետակոծությունները տարածվեցին արդեն Հասեկե գավառի Ջերնակ և Էդ-Դարբասիա բնակավայրերի, ինչպես նաև Թել-Թամեր քաղաքի հարևանությամբ գտնվող հինգ գյուղերի ուղղությամբ։
Քրդական «Ֆիրաթ» գործակալության տեղեկություններով՝ օրվա երկրորդ կեսին թուրքական բանակը հարվածներ է հասցրել նաև Ռաքքայի նահանգում՝ ռազմավարական նշանակություն ունեցող M-4 մայրուղուն հարող շրջաններում։
Reuters-ի տեղեկություններով՝ Սիրիայի հյուսիսը վերահսկող քրդական ուժերը պատասխան կրակ էին բացել։ Թուրքական մի շարք աղբյուրների պնդմամբ՝ քրդական ջոկատները հրետակոծել էին թուրքական հենակետերից մեկը, ինչի հետևանքով մեկ թուրք զինվորական զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Սա առաջին դեպքն է բավական երկար ժամանակահատվածում, երբ թուրքական բանակը Սիրիայի քրդաբնակ շրջանների ուղղությամբ հրետանի է կիրառում։ Նախորդող շաբաթներին թուրքական ուժերը հիմնականում սահմանափակվում էին հարվածային անօդաչու թռչող սարքերից հասցված հարվածներով, որոնց թիրախում թե՛ քրդական ուժերի դաշտային հրամանատարներ էին հայտնվում, թե՛ խաղաղ բնակիչներ։
Սիրիայի հյուսիսում Անկարայի ակտիվացումը տրամաբանական հարց է առաջացնում՝արդյո՞ք սա Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի կողմից ամիսներ շարունակ ազդարարված լայնածավալ հարձակման սկիզբը չէ։ Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ թուրքական բանակը կրկին հատելու է Սիրիայի հետ սահմանը՝ դրա երկայնքով 30-կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծելով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողան. «Թուրքիան Սիրիայում կստեղծի անվտանգության 30-կիլոմետրանոց գոտի»Սիրիայի քրդերի քաղաքական առաջնորդներից մեկի՝ «Դեմոկրատական միություն» կուսակցության հիմնադիր Սալիհ Մուսլիմի համոզմամբ՝ տեսանելի ապագայում Թուրքիան լայնածավալ ցամաքային գործողության չի դիմի։ Պատճառը, ըստ քուրդ գործչի, այն է,որ Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակցին նման հարձակում սկսելու համաձայնություն չի տվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում». Էրդողանը` Պուտինին«Չեմ կարծում, որ Էրդողանը նման հարձակման համար կարող է դեղին կամ կանաչ լույս ստացած լինել։ Մեր տեղեկություններով՝ ռուսները չեն հակադրվի Թուրքիայի կողմից անօդաչու սարքերի կիրառմանն ու Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանների ռմբակոծություններին։ Լայնածավալ ներխուժումն այս շրջաններ, սակայն, իմ կարծիքով, այս անգամ հնարավոր չէ», - թուրք հայտնի լրագրող Ամբերին Զամանին տված հարցազրույցում նշում էր Սալիհ Մուսլիմը։
Մուսլիմն, ի դեպ, վստահ է՝ Ռուսաստանի նախագահը քրդերի նկատմամբ տածած մեծ սիրուց չէ, որ ընդդիմանում է Սիրիայի հյուսիսում ծրագրվող թուրքական ներխուժմանը։
«Չի բացառվում, որ ռուսները որոշակի ռազմավարական նկատառումներից են ելնում։ Թուրքական զորքերի ցանկացած հարձակում այդ շրջանում կարող է հանգեցնել Հալեպի հատվածի շրջապատման։Դա կարող է ծանր դրության մեջ դնել Սիրիայի իշխող վարչակազմին, իսկ ռուսներն Ասադի իշխանության շահերն այդ շրջանում որևէ կերպ վնասելու ցանկություն չունեն», - համոզված է Սիրիացի քրդերի քաղաքական առաջնորդը։
Հարցազրույցում, այդուհանդերձ, Սալիհ Մուսլիմը հատուկ ընդգծում է. - «Թուրքիայի նախագահն անկանխատեսելի գործիչ է, և չնայած բոլոր տրամանաբանական հաշվարկներին՝ թուրքական զորքերի ներխուժումը Սիրիայի հյուսիս 100 տոկոսով բացառել հնարավոր չէ»։