Գյումրիում ՊՆ-ին պատկանող ավելի քան տասը բնակարան արդեն շուրջ 10 տարի բնակիչ չունի

Գյումրիում Պաշտպանության նախարարությանը պատկանող ավելի քան մեկ տասնյակ բնակարաններ արդեն շուրջ տասը տարի բնակիչ չունեն։ Ըստ պաշտպանական գերատեսչության՝ այդ բնակարանները պետք է տրամադրվեն բնակարանային պայմանների բարելավման ենթակա զինծառայողներին: Ինչո՞ւ դա մինչ օրս չի իրականացվում, հարց է բարձրացնում Գյումրու ավագանու ընդդիմադիր «Զարթոնք» խմբակցության ղեկավար Վարդևան Հակոբյանը։

«Ես ուղղակի գտնում եմ, որ չգիտեմ՝ սա ինչ պատճառներով, զուտ սուբյեկտիվ, որովհետև չի կարող լինել այստեղ օբյեկտիվ պատճառ, հաստատ ինչ-որ մեկի սեյֆում, թղթապանակում դա մնացել է 10 տարի, ու այդպես էլ իշխանափոխությունը տեղի է ունեցել, իրենք էլ տեղյակ չեն եղել նոր եկածներն, ու այդպես էլ մնացել է ու մնացել։ Գտնում եմ, որ սա հանցավոր անտարբերություն է, հանցավոր անգործություն, որովհետև այդ բնակարանները տասը տարուց ավելի է՝ չի օգտագործվել, դրանք մեկ-երկուսը չեն», - «Ազատությանն» ասաց նա։

Գյումրիից բացի, Պաշտպանության նախարարությունն ունի ազատ բնակարաններ նաև Մարալիկում և Սպիտակում։ Ընդհանուր առմամբ շուրջ երկու տասնյակ այս բնակարանները կառավարության որոշմամբ համայնքներից պաշտպանական գերատեսչությանն են փոխանցվել 4 տարի առաջ։ ՊՆ-ում արդեն տեղյակ են ազատ բնակֆոնդի մասին, ասում է քաղաքապետարանի անշարժ գույքի բաժնի պետ Գևորգ Գրիգորյանը: Դեռ հունվարին, երբ բնակֆոնդի հաշվառում են իրականացրել, շուրջ մեկ տասնյակ բնակարան են գտել, որ ոչ թե համայնքապետարանի, այլ ՊՆ հաշվեկշռին է, ու դռներն էլ փակ են. «Նախարարության բալանսի տակ ունենք Մուշ թաղամասում 8 բնակարան, Անի թաղամասում՝ 2 բնակարան»։

«Մեր տեղեկություններով՝ նաև շինարարության ավարտից հետո, այսինքն՝ այս փակ դռներից որոշները մնացել են շինարարները, նաև թաղի տեսուչներից բանավոր տեղեկացել ենք, որ մի քանի տներում եղել է խնդիր, որ այդ ջեռուցման կաթսաները և պառերն են գողացել, հարուցվել է քրեական գործ, հետագա ընթացքի մասին տեղեկություն չունենք», - ասաց նա։

«Ազատությունը» քաղաքապետարանի պաշտոնյայից հետաքրքրվեց, թե ՊՆ հաշվեկշռին գտնվող բնակարանների բանալիններն ո՞ւմ մոտ են, արձագանքեց. «Երկու-երեքը ներկա պահին համայնքապետարանում են, երկուսը համատիրության մոտ են, իսկ մնացածը փակ դուռ է»։

Քաղաքապետարանի ներկայացուցիչը չգիտեր, թե ինչու բնակարանները մինչ օրս չեն բաշխվել: Նրա խոսքով՝ հիմա ճշգրտվում է ազատ բնակարանների քանակն ու դրանց պետական գրանցման հարցերը, որից հետո միայն դրանք կբաշխվեն. «Մեր հարցման արդյունքում մենք պարզեցինք, որ 2019 թվականին Գյումրիի այպես կոչված՝ Գեչը, ՊՆ խնդրանքով ուսումնասիրություններ է կատարել և փորձել է ոչ միայն գույքագրել, այլ նաև ֆոտոլուսանկարահանել, որպեսզի վիճակի մասին ավելի մանրամասն տեղեկանա»։

Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանի կարծիքով՝ խնդիրը արագ լուծելու համար պետք է հանձնաժողով ձևավորվել՝ առաջնահերթությունը տալով 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանինքներին. «Ունենք չէ՞ զոված զինծառայողներ, որոնք ապրում են վարձակալության հիմունքներով, ես ինքս էլ ճանաչում եմ մեկ-երկու ընտանիքի, որ սարսափելի վիճակում են ապրում, հերոսներ են, ստացել են Մարտական խաչ, բայց վարձակալությամբ են ապրում, տնակներում, իսկ այդ տները մինչև առ այսօր մնացել է փակ, մեկ տանը ես եղել եմ։ Որ բացեցինք, նույնիսկ այդտեղ մարդ երևի չէր մտել 10-12 տարի»։

Քաղաքապետարանը նաեվ հաշվառում է 44 օրյա, 2016-ի քառօրյա, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմին մասնակից զինհաշմանդամներին։ Արդեն 8 տասնյակ հաշվառված ընտանիքներ կան. «Գործերի փաթեթները հավաքագրում ենք մենք, իրականացնում ենք վարույթ, հաստատում ենք և ուղարկում մարզպետարան, մարզպետարանն արդեն նախարարություն։ Ներկա պահին ունենք 88 դիմում, որոնք նաև ոչ միայն Ապրիլյանի և 44-օրյա պատերազմի շահառուներն են, այլ նաև արցախյան 90-ականներին զոհված կամ վիրավորում ստացած», - ասաց նա։

Երբ կարիքավորներն ի վերջո կստանան ավելի քան 10 տարի դատարկության մատնված բնակարանները՝ ՊՆ-ից վստահեցնում են՝ բաշխումը կկատարվի սահմանված կարգով ճշգրտումների ավարտից հետո։