Մոսկվայում ընդդիմադիր թեկնածուներին չեն գրանցում ՏԻՄ ընտրություններում

Մունիցիպալ խորհրդի ընդդիմադիր պատգամավոր Վլադիմիր Զալիշչակի բողոքի ակցիան, արխիվ

Ընդդիմադիրը «չպետք է աշխատի» նույնիսկ ամենահամեստ ատյանում

Ռուսաստանում այս տարվա սեպտեմբերի 11-ը՝ Քվեարկության միացյալ օր է: Նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ: Այդ օրը Դաշնության 15 սուբյեկտներում տեղի կունենան ղեկավարների, իսկ 6 սուբյեկտներում՝ օրենսդիր մարմինների ընտրություններ:

Մայրաքաղաք Մոսկվայում 146 մունիցիպալ կազմավորումներից 125-ում տեղի կունենան օրենսդիր մարմինների՝ խորհուրդների ընտրություններ: Դրանք կանցկացվեն խորհուրդների ձևավորման նոր կարգով, որը մայրաքաղաքի խորհրդարանը՝ Մոսկվայի քաղաքային դուման, հաստատել է անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին:

Մեծամասնական կարգով հինգ տարի ժամկետով պետք է ընտրվեն ավելի քան 1500 պատգամավորներ: Ընտրություններում նախատեսվում է կիրառել հեռավար էլեկտրոնային քվեարկության համակարգը:

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, տեղական իշխանություններն ամեն միջոց են գործադրում ընտրություններում ընդդիմադիրների գրանցումը մերժելու համար: Ընդ որում՝ բողոքարկումներից և ոչ մեկը չի բավարարվում: Մերժում են, և վերջ:

Մունիցիպալ խորհուրդների պատգամավորներն առանձնապես մեծ լիազորություններ չունեն, բայց նրանցից առավել ակտիվներն ու համառները կարողանում են ինչ-որ չափով բարելավել առօրյա կյանքն իրենց շրջաններում, օրինակ, հետևում են, որ բնակելի շենքերի հիմնանորոգման համար հատկացված գումարը չմսխվի, նպաստում են այգիների, պուրակների կամ պատմական նշանակության շինությունների պահպանմանը:

Եվ եթե նախկինում կենտրոնական իշխանությունն ուշադրություն չի դարձրել համեստ խնդիրներ լուծող այդ ստորին պետական օղակների վրա ու դրանց ներկայացուցիչներին չի հալածել, ապա հիմա՝ երկրում ներքաղաքական կացության ընդհանուր վատթարացման և հատկապես ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ նոր վիճակ է առաջացել՝ ընդդիմադիրները դարձել են «անցանկալի անձ» նույնիսկ ամենաանշան ատյաններում:

Նիդերլանդներում բնակվելու ժամկետանց իրավունքը՝ մերժման պատճառ

Մոսկվայի Տվերսկոյ շրջանի մունիցիպալ խորհրդի թեկնածու Մարիա Վոլոխին տարածքային ընտրական հանձնաժողովից հայտնել են, որ թեկնածությունը չի գրանցվում: Դա պատճառաբանել են այն հանգամանքով, թե Մարիան բնակության իրավունք ունի Նիդերլանդներում: Երիտասարդ կինը համոզված է, որ բուն պատճառը հակապատերազմական ակցիաներին մասնակցելն է:

«Որոշումը միաձայն են ընդունել, ասելով, թե ՌԴ ՆԳՆ-ից քաղվածք են ստացել, որ Նիդերլանդներում, իբր, բնակության իրավունք ունեմ: Դա ճիշտ չէ, ունեցել են դպրոցական, ապա ուսանողական բնակության իրավունք, մեկը սպառվել է 2016-ին, մյուսը՝ 2019-ին: Ոչ մի փաստարկ չեն ընդունում՝ ունենք քաղվածք ու վերջ»,- ասել է Մարիա Վոլոխը:

Մերժման մեկ այլ պատճառը՝ քառակուսիի մեջ բացականչության նշանն է

Իսկ Մոսկվայի Դոնսկոյ շրջանի մունիցիպալ խորհրդի պատգամավոր Վլադիմիր Զալիշակին արգելել են երկրորդ անգամ առաջադրվել թեկնածու: Այս դեպքում պատկան մարմինները վկայակոչել են Դորոգոմիլովսկի շրջանի դատարանի եզրակացությունն առ այն, որ Զալիշչակը «ծայրահեղական կոչեր է հնչեցրել»:

Ոստիկանները ցանկանում են նրան պատասխանատվության ենթարկել վարչական օրենսգրքի 20 հոդվածի երրորդ կետով՝ «արգելված խորհրդաիշների ցուցադրում»:

2019 թվականի Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների օրերին ընդդիմությունն Ալեքսեյ Նավալնիի հորդորով կիրառել է այսպես կոչված «խելացի քվեարկություն» մոտեցումը:

Այդ գաղափարի սիմվոլը քառակուսիի մեջ տեղադրված կարմիր գույնի բացականչության նշանն էր: 2019-ին այն դեռ արգելված չէր: Զալիշակի սոցցանցում պահպանվել են նրա հին էջերն այս սիմվոլով, և հիմա իշխանությունը դա ներկայացնում են իբրև «շարունակվող հանցանք»:

«Ինձ և ինձ պես թեկնածուների վրա բացահայտ մասսայական հարձակում է իրականացվում: Իմ հաշվարկներով, մոտ հարյուր թեկնածուների են անցկացրել ու մաղել այդ հոդվածով»,- ասել է Վլադիմիր Զալիշչակը:

Մոսկվայում ՏԻՄ ընտրություններից 4 շաբաթ առաջ գրոհն ընդդիմադիր թեկնածուների վրա շարունակվում է:

Դումայի անցած ընտրություններում 1 միլիոն 200 հազար լցոնված քվե

Մինչդեռ, համապետական քվեարկության ժամանակ Ռուսաստանի իշխանությունը դիմում է հաղթանակ ապահովող ցանկացած քայլի:

«Մեդուզա» ընդդիմադիր կայքի փոխանցմամբ, դիտորդները հաստատել են, որ անցյալ տարի սեպտեմբերի 17-ից 19-ը տեղի ունեցած 8-րդ գումարման Պետական դումայի ընտրությունների օրերին, Դաշնության 12 ռեգիոններում լցոնումների միջոցով կեղծվել է 1 միլիոն 200 հազար քվե: Եթե ենթադրել, որ այդպիսի համամասնություն է գործել բոլոր մնացած ռեգիոններում, ապա լցոնված քվեների թիվը կհասնի 17 միլիոնի:

Դիտորդներն այդ եզրակացության են հանգել ավելի քան 9 հազար տեղամասերում տեղադրված տեսախցիկների ավելի քան մեկ միլիոն ժամ տեսագրությունները վերլուծելուց հետո:

Պարզվել է, որ այդ տեղամասերում գործնականում քվեարկել է մոտ 2 միլիոն մարդ, իսկ ըստ պաշտոնական արձանարգությունների՝ 3 միլիոն 200 հազար:

«Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցությունը 450-տեղանոց Դումայում 324 մանդատ է ապահովել: Ընդդիմադիրներ գործնականում չկան, ընտրվել են Վլադիմիր Պուտինին շատ աջակցողները, պարզապես աջակցողները և առնվազն չհակառակվողները:

Կրեմլը հերքում է անցյալ տարվա Դումայի ընտրություններում զանգվածային խախտումների մեղադրանքը: