Պայթյունի վտանգ այլևս չկա, կա մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն․ փոխնախարար

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյան

Պայթյունի վտանգ այլևս չկա, կա լոկալ ճայթյունների՝ մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ նշելով՝ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև հետևանքները և լոկալիզացիան ամբողջությամբ իրականացվի։

Թե որքան կտևեն հրդեհաշիջման աշխատանքները, փոխնախարարը դժվարացավ ասել․ - «Նման նյութերի հետ աշխատելու պարագայում նման հաշվարկներ հստակ չկան, այս պահին կդժավարանանք ասել, որքան կտևեն այդ աշխատանքները»։

Իսկ նյութական կորուստների մասին գնահատական կտա մասնագիտական խումբը, ասաց Համբարյանը՝ շեշտելով՝ «անզեն աչքով էլ երևում է, որ նյութական կորուստները շատ մեծ են»։

Թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը, փոխնախարարը պատասխանեց՝ տեղեկությունը կտա միայն հետաքննող խումբը։ Հիմա պատճառների մասին խոսելը, Համբարյանը «վաղ» համարեց։

«Միայն կարող ենք կրկնել, որ գործ ունենք գեր հրավտանգ նյութերի հետ, որոնք ամբարված են եղել պահեստներում, ըստ էության հրդեհը տեղի է ունեցել պահեստային հատվածներում», - ասաց փոխնախարարը։

Ճշտող հարցին, թե քանի՞ տոննա հրավտանգ նյութերի մասին է խոսքը, Համբարյանը կրկին շեշտեց՝ հետաքննությունն այդ հարցերի պատասխանը կտա։

«Մասնագետները ճիշտ չեն աշխատում»

Անհետ կորածներից մեկի հարազատը, լրագրողների հետ զրույցում, դժգոհեց նախարարության աշխատանքից՝ շեշտելով՝ «մասնագետները ճիշտ չեն աշխատում», «տեխնիկա ժամանակին չեն տրամադրում» փլատակների տակից իր հարազատներին դուրս բերելու համար։

«Եղբորս երեխան և հղի կինը, ստեղ են՝ տակն են, առավոտվա 7-ից մենք ձեռքով քար ենք կրում, խնդրում ենք տեխնիկա, գալիս է ժամը 11-ը։ Շեշտում ենք, թե որ խանութում է եղել, ձեռքով քարերը հանում ենք, պանել պիտի հանենք, կռան է պետք», - ասաց Արայիկ Մկրտումյանը՝ նշելով, որ անհետ կորածներից Մարիամ Խաչատրյանի և Սիրարփի Խաչատրյանի հարազատն է, նրանք ոչ թե աշխատող, այլ հաճախորդ են։

«Ժամանակին, որ մտնեին մաքրեին, գուցե մի հարց լուծվեր, ոչ թե ժամը 11-ին նոր տեխնիկա են բերել», - ասաց Մկրտումյանը։

Փոխնախարարը հորդորեց աշխատանքը թողնել մասնագիտացված կառույցներին։

Նախարարը հակադարձեց՝ «ռեսուրսի պակաս չունեն»

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հակադարձեց քաղաքացուն՝ նշելով՝ ռեսուրսի պակաս չեն ունեցել՝ թե՛ տեխնիկայի, թե՛ մարդկային։

Նրա խոսքով՝ առավոտյան տեխնիկան համալրվել է, էլի համալրումներ կլինեն։

«Մենք չենք կարողանում միանգամից գործողություններ անել՝ հաշվի առնելով, որ փլատակների տակ ունենք մարդիկ։ Մեծ հույսեր ունենք, որ կենդանի մարդիկ կլինեն, չվնասենք, նաև չվնասենք արդեն մահացածների մարմինները», - ասաց նախարարը։

Երեկ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ զոհվել է, 61-ը՝ վիրավորվել, 15 մարդ համարվում է անհետ կորած։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց