«Սուրմալու»-ի տարածքում որոնողական աշխատանքները դադարեցվեցին․ կա առնվազն 16 զոհ, մեկ անհետ կորածի դին չհայտնաբերվեց

06․09 21։04

Առնվազն 16 մարդու կյանք խլած հուժկու պայթյունից 24 օր անց Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» տոնավաճառը առայժմ չի վերաբացվել։ Տնտեսվարողները դեռ նոր-նոր են մաքրում, վերադասավորում իրենց խանութները, առևտուրը, սակայն, առայժմ չի վերականգնվել

02․09 00։38

Գլխավոր դատախազությունը համաձայն չէ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենը մնա ազատության մեջ։ Նրան ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են։

31․08 18։52

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փոխտնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Առևտրի կենտրոնում որոտացած պայթյունի գործով 4 անձանց մեղադրանքներ են առաջադրված: Դատարանի որոշումներով բավարարվել էին 4 անձանցից 3-ի՝ տնտեսվարողների նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունները, իսկ առևտրի կենտրոնի փոխտնօրենի մասով՝ մերժվել:

30․08 15։17

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթունի հետևանքով զոհվածների ընտանիքներին նախատեսվում է տրամադրել 3 մլն դրամի աջակցություն, վիրավորներին՝ 150-300 հազար դրամ։

Որոշման նախագիծը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում հանրային քննարկման է ներկայացրել։

26․08 21։13

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց իրավապահներն այսօր հայտարարեցին 4 անձի ձերբակալման մասին։ Նրանցից մեկն առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք, «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։

Ոչ Գլխավոր դատախազությունը, ոչ էլ Քննչական կոմիտեն մեղադրյալների անունները չեն բացահայտում։ Կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 6 հեկտար տարածքով այս տոնավաճառում 19 վարձակալ կա:

13։45

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին, այսօր կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Տնտեսվարողները փոխհատուցում կստանային, եթե նրանց գույքն ապահովագրված լիներ, նկատեց նախարարը՝ շեշտելով՝ կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերության ֆունկցիա իր վրա վերցնել։

24․08 09։44

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 10 օր հետո փրկարարները դադարեցնում են որոնողական աշխատանքները, թեև այդպես էլ չի գտնվել անհետ կորած քաղաքացին։

Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, Վանիկ Ամիրխանյանին հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում «իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ նախքան պայթյունը հավանաբար գտնվել է քաղաքացին»։

«Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվե»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոստանյանը։

Ավելի վաղ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանն ասել էր, որ մասնագիտական վերլուծության համաձայն՝ ջերմաստիճանը տեղում հասել է մինչև 1000 աստիճանի։

22․08 15։10

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից ավելի քան մեկ շաբաթ անց՝ մինչ օրս, գործով որևէ կասկածյալ կամ ձերբակալված չկա, սեփականատերը ևս մինչ այս պահը չի հարցաքննվել, «Ազատությանը» հաղորդել են Քննչական կոմիտեից։

19․08 10։14

Առավոտյան որոնողա-փրկարարական աշխատանքները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Ունենք դեռևս մեկ անհետ կորած քաղաքացի և, ինչպես նշել ենք, քաղաքացուն փնտրում ենք կա՛մ եռահարկ այրված շինության առաջին հարկի ձախակողմյան հատվածում, կա՛մ շենքի անմիջական հարևանությամբ», - ասաց Գրիգորյանը։

Քաղաքացուն գտնելը բարդ է լինելու, նշեց փոխնախարարը՝ մանրամասնելով՝ եթե քաղաքացին գտնվել է ոչ թե դրսում, այլ տարածքում, այնտեղ հարվածային ալիքը շատ ուժեղ է եղել, ջերմաստիճանն էլ՝ բարձ, հետևաբար, ըստ Գրիգորյանի, բարդ է լինելու քաղաքացուն հայտնաբերելը։

Արտյուշ Գրիգորյան

22:36

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում հանդիպել է անհետ կորած համարվող Վանիկ Ամիրխանյանի որդուն և հարազատներին։

«Ներկայացրել եմ որոնողական աշխատանքներ իրականացնելու մեր մարտավարական քայլերը, վստահեցնելով, որ չենք խնայել և չենք խնայի մեր ուժերը հնարավորության սահմաններում ամեն ինչ անելու նրան հայտնաբերելու համար։
Տոկունություն, ուժ և կորով եմ հայտնել վերջիններիս», - գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում։

22:00

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել ընդհանուր 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, հայտնում է ԱԻՆ-ը:

20:00

«Սուրմալու» պայթյունից 5 օր է անցել, տեղում այրված տաղավարներ են, փլատակ շինություններ, ոչնչացված ու վնասված գույք:

«Ազատության» տեսանյութը` «Սուրմալուի» ներսից.

16:52

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տաղավարներն այսօր էլ փակ են, զոհերի գործընկերները եկել էին՝ ծաղիկներ խոնարհելու, խունկ ծխելու։

12:30

«Սուրմալու»-ում ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է, վստահեցնում է Հայաստանի վարչապետը:

«Մենք, ըստ էության, քանի դեռ քրեական գործով արդյունքներ չունենք, այսինքն՝ ավարտված չէ քննությունը, էսպես ասած՝ ամենավերջնական եզրակացություն պետք չէ անել, բայց ես հասկանում եմ նաև, որ տեսագրություններից ակնհայտ է դառնում, որ այդտեղ ահաբեկչական որևէ գործողության տրամաբանությունը ըստ էության բացառվում է, ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն: Եվ, ըստ էության, համենայն դեպս, նաև վիզուալ տեղեկատվությունը, որ մենք ունենք, գրեթե բացառում է այդ հանգամանքը», - կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

11։49

Քրեական գործով տարբեր վարկածներ են քննարկվել, այդ թվում՝ ահաբեկչության, սակայն ահաբեկչության վերաբերյալ որևէ փաստական տվյալ չկա, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, թե քննարկվո՞ւմ է նաև ահաբեկչության վարկածը։

«Քրեական գործով չկա որևէ փասատական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ այլ որևէ դիտավորության հանցակազմի առկայության վերաբերյալ։ Գործում առկա տվյալներն ավելի շատ վկայում են անզգուշության ձևով տեղի ունեցող հանցագործությունների վերաբերյալ», - ասաց ՔԿ ղեկավարը։

10։30

Որոնողա-փրկարարական աշխատանքները սիրողական մակարդակի էին, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը՝ նկատելով՝ պարտադիր չէ, որ մի կամավորի գլխին քար ընկներ, տեղում մահանար, նոր հասկանային, որ էսպես չեն կազմակերպում այդ աշխատանքները։

Կամավորներն առանց համապատասխան արտահագուստի էին, ակնոցի, գլխարկի, դիմակի՝ կեղտի-փոշու մեջ, նկատեց Պիպոյանը՝ շեշտելով՝ պարտադիր չէ՝ ինչ-որ մեկն օգնելու ցանկությամբ գնար՝ չունենալով առողջական խնդիր, տեղում բախվեր պրոբլեմի, նոր հասկանային, որ սրա համար կազմակերպչական ձև կա։

18.08 10։00

Որոնողական աշխատանքները վերսկսվել են, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ նշելով՝ այս պահի դրությամբ կա16 զոհ և երկու անհայտ կորած։

21:30

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ հավելելով՝ կշարունակվեն լույսը բացվելուն պես:

19։21

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:

19։07

Այս պահին ամբողջ ռեսուրսը կենտրոնացված է վերջին քաղաքացուն գտնելու վրա, լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։

«Այս պահին ամբողջ ռեսուրսը, որքան հնարավոր է, ինչքան անհրաժեշտ է, կենտրոնացված է վերջին քաղաքացու, փլատակների տակ մնացած, գտնելու ուղղությամբ։ Ըստ մեր տեղեկությունների՝ ինքը պետք է դրսում լինի, բայց եթե այդպես չհաջողվի գտնել, նաև շենքի ներսում՝ առաջին հարկի տարածքում, որը իրենից բավականին մեծ տարածք է զբաղեցնում, բայց մենք պետք է գնանք այդ ճանապարհով», - ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝ այնտեղ 4 մետր բարձրությամբ փլատակներ կան, որոնց տակ հերթով սկսում են դիտարկումները։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունից զոհված 16-ից 15 քաղաքացու ինքնությունը հայտնի է, մյուսինը, փոխնախարարի տեղեկացմամբ, պարզ կլինի մի քանի օր հետո։

«Ես հույս ունեմ, որ որոնումներն այսօր կավարտվեն, եթե չավարտվեցին, աշխատելու ենք այնքան, մինչև գտնենք», - նշեց նա։

13։16

Առաջարկվում է նմանատիպ տեղերից հրավառություններն առհասարակ վերացնել, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը՝ շեշտելով՝ «այդ կոշտ որոշումը պետք է կայացնել»։

Ավինյանը կրկին հիշեցրեց, որ 2021 թվականին Ազգային ժողովում հարցի քննարկումը ձգձգվել է՝ չբացառելով, որ այն քննարկվի խորհրդարանի սեպտեմբերին մեկնարկելիք նստաշրջանում՝ արտահերթ կերպով, ասաց՝ խոսել է նախագծի համահեղինակ ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։

13։15

Առհասարակ այդ տեսակ պահեստներն, ինչպիսին «Սուրմալու»-ինն է, պիտի նորմավորվեն և քաղաքից դուրս տեղակայվեն, «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ճարտարապետ Տիգրան Գալստյանը՝ միաժամանակ շեշտելով՝ վաճառքի մասն էլ պետք է հատուկ լիցենզիայիով իրականացվի։

Ճարտարապետը դեմ է, հետևանքների վերացման կտրուկ միջոցներին՝ շուկան փակելու կոչերին։ Կարել է կանոնակարգել, անվտանգության նորմերն ապահովել, վերահսկել, «Սուրմալու» տոնավաճառն էլ գործածել ժամանակակից նորմերին համապատասխան​, ասաց Գալստյանը։

13։14

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի գործով մեղադրյալներ չկան, Ֆեյսբուքում գրել է Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

13։13

Այն, որ «Սուրմալու»-ի շենքը, որտեղ տեղի է ունեցել հիմնական հրդեհը և պայթյունն, ամբողջովին ապամոնտաժվելու է, դա հաստատ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ շեշտելով, դա կանեն որոնողա-փրկարարական աշխատանքներից հետո, երբ գտնեն վերջին անհետ կորածին։

Փոխնախարարի խոսքով՝ հիմա քննարկվում է շենք մուտք գործելու հարցը որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ մասնագետներն, ըստ Գրիգորյանի, այս րոպեներին աշխատում են՝ փլուզման վտանգը հասկանալու համար։

Your browser doesn’t support HTML5

Որոնողական աշխատանքները շարունակվում են

17․08 13։12

Որոնողական աշխատանքներն ամբողջ գիշեր շարունակվել են, դեռևս երկու քաղաքացի համարվում է անհետ կորած, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

Փոխնախարարը նշեց, որ զոհերի մեջ չնույնականացված անձ կա, ենթադրություններ ունեն, որ անհետ կորած քաղաքացիներից մեկն է։ «Եթե դա այդպես է, հետևաբար մենք կունենանք մեկ անհետ կորած քաղաքացի», - ասաց Գրիգորյանը։

23։45

Նախնական մինչև 4 տոննա պայթուցիկ նյութ է եղել «Սուրմալու»-ի տարածքում, այսօր, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

21:46

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ` Գագիկ Կարապետյան և Վանիկ Ամիրխանյան, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարը:

Ավելի վաղ հաղորդվում էր 3 անհետ կորածի մասին: Արմեն Փամբուխչյանն ասաց, որ ենթադրաբար անհետ կորած համարվող Ռուսաստանի քաղաքացու հետ հարազատները կապվել են, նա այլ պայմաններում վիրահատվել է, բժշկական կենտրոնում է:

19:12

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հայտնում է կառավարությունը:

18:55

«Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունից բռնկված հրդեհը օգոստոսի 16-ին՝ ժամը 17։49-ին մարվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

17:40

Առևտրի կենտրոնում պայթյունից զոհված 16 քաղաքացիներից 15-ի ինքնությունը պարզվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ հրապարակելով նրանց անունները․

  1. Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,
  2. Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,
  3. Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,
  4. Անահիտ Զարզանդի Խալաթյան,
  5. Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,
  6. Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,
  7. Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,
  8. Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,
  9. Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,
  10. Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,
  11. Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,
  12. Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,
  13. Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․
  14. Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․,
  15. Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․

Ըստ տարածած հաղորդագրության՝ անհետ կորած կարող են համարվել հետևյալ 3 քաղաքացիները՝

  1. Գագիկ Կարապետյան
  2. Վանիկ Ամիրխանյան
  3. Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

15:41

15:30-ի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, որոնցից նույնականացվել են 14-ը, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Անհետ կորած քաղաքացիները 6-ից դարձել են 4-ը, քանի որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատնից հայտնեցին առ այն, որ ենթադրյալ անհետ կորած իրենց քաղաքացին այս պահին Վրաստանում է, իսկ ենթադրյալ անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը հայտնել է, որ Սուրմալուի տարածքում չի եղել», - նշել է խոսնակը։

13։39

Պայթյունի վտանգ չկա, բայց հնարավոր թեթև ծխային օջախների առկայություն կարող է լինել շենքի այն հատվածում, որը դեռ կանգուն է, «Ազատության» հարցին ի պատասխան ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը։

Շենքի այդ հատվածում պարբերաբար իրականացվել և շարունակելու են իրականացվել հովացման աշխատանքներ, ասաց փոխնախարարը։

Հարցին, թե հրավտանգ նյութեր դեռ ներսում կա՞ն, Համբարյանը պատասխանեց, որ տեսադիտարկման միջոցով են փորձում պարզել, թե շենքի ներսում ինչ կա, քանի որ, նրա խոսքով, շենք մուտք գործել հնարավոր չէ, այն վտանգավոր է փրկարարների համար։

13:09

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացրեց, որ հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկ հետ։

Փամբուխչյանը հանդիպումից մանրամասներ չփոխանցեց, փոխարենը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեից են հատակագծեր պահանջել՝ նկուղային հարկերում ավելի մանրակրկիտ զննում անցկացնելու համար։

«Եթե նկուղային հարկերում կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում անցկացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատում են համասեփականատերերից մեկի հետ, ով ծանոթ է տարածքին։

12։41

Առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ի պայթյունից զոհված 16 քաղաքացիներից 14-ի ինքնությունը պարզվել է, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հրապարակելով նրանց անունները․

1․ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․,

2․Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․,

3․Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․,

4․Անահիտ Զարզանդի Խալաթյան

5․ Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․,

6․ Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1966 թ․,

7․ Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․,

8․ Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․,

9․ Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․,

10․ Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․,

11․ Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․,

12․ Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․,

13․ Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․

14․ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․

Զոհված երկու անձանց ինքնությունը դեռ անհայտ է։

Ըստ ԱԻՆ-ի՝ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ 8 քաղաքացիները՝

1․ Գագիկ Կարապետյան

2․ Արտավազդ Հայրապետյան

3․ Վանիկ Ամիրխանյան

4․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

5․ Արամ Հարությունյան

6․ Դավիթ Մխիթարյան

7․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

8․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)։

11։58

Առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Անհետ կորածների թիվն, ըստ խոսնակի, 10-ն է, այդ թվում՝ Ռուսաստանի մեկ և Իրանի մեկ քաղաքացի։

10։57

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մյուս հոսպիտալացվածները լավացումով դուրս են գրվել:

10։19

Կա 16 զոհ, 6 հոգու ինքնությունն է հիմա պարզվում, «Ազատությանը» փոխանցեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը՝ նշելով որ անհետ կորածների թիվն առավոտվա դրությամբ 9-ն է։

«Հայտնաբերվել են երեք մեծահասակ կին և մեկ երեխա, ինքնությունները պարզելու պրոցես է ընթանում, խոսքն, ըստ երևույթին, վերաբերում է հենց հղի կնոջը։ Հստակ չէ, բայց կարծում ենք, որ էդպես է», - ասաց փոխնախարարը։

Հրդեհն ամբողջովին մեկուսացվել է, նշեց Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ ըստ էության, հրդեհաշիջման աշխատանքներ չկան, հիմա առավելապես կենտրոնացած են որոնողա-փրկարարական աշխատանքների վրա։

08։58

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ զոհերի թվում են մեկ մանկահասակ երեխա և հղի կին:

08:08

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Երեկ ուշ երեկոյան հայտարարվել էր 23 անհետ կորածի մասին, այդ թվում՝ Իրանի 6 քաղաքացի, սակայն ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանն ավելի ուշ տեղեկացրեց, որ Իրանի դեսպանության ներկայացուցիչը փոխանցել է, որ ենթադրյալ անհետ կորած 6 իրանցի քաղաքացիներից 5-ը Վրաստանում են։

16.08.2022, 08:08

'Գիշերը և այսօր վաղ առավոտյան փրկարարները փլատակներից դուրս են բերել 8 մարմին, այս պահի դրությամբ մահացած քաղաքացիները 16-ն են, հաղորդում է ԱԻՆ-ը:

23։47

Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը՝ նշելով․ - «Այս պահի դրությամբ ունենք 8 զոհ։ Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»։

22:23

ԱԻՆ-ի տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվն ավելացել է մեկով՝ հասնելով 23-ի: Ըստ հաղորդագրության, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում կորած կարող է համարվել նաև Գեղամ Պետրոսյանը (ծնված 1985 թ․):

21։11

Սուրմալուի տարածքում րոպեներ առաջ բավականին լարված իրավիճակ էր, տեղեկություններ էին շրջանառվում, որ անձ է հայտնաբերվել ողջ վիճակում, սակայն պաշտոնապես դա չհաստատվեց։

«Ներկա պահին չենք հաստատում այդ տեղեկությունը։ Մենք հիմա տվյալ հատվածում իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ, այդ թվում՝ օգտագործում ենք հատուկ տեխնիկա, այսինքն՝ տեսախցիկներ», - լրագրողներին ասաց նախարար Արմեն Փամբուխչյանը։

20։30

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքի փլատակների տակից ձայն է լսվել, այժմ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում, «Ազատությանը» տեղեկացրել է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Սուրմալուի տարածքում րոպեներ առաջ բավականին լարված իրավիճակ էր, տեղեկություններ էին շրջանառվում, որ անձ է հայտնաբերվել ողջ վիճակում, սակայն պաշտոնապես սա դեռ չի հաստատվել։

20։28

ԱԻՆ-ն այս պահի դրությամբ հայտնում է 22 անհետ կորած քաղաքացիների մասին, որոնցից վեցը՝ Իրանի քաղաքացի, մեկը՝ Ռուսաստանի։

19:10

Քիչ առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը։

Այս պահի դրությամբ, ըստ ԱԻՆ խոսնակի, կա 7 զոհ:

Ըստ ԱԻՆ-ի՝ անհետ կորած կարող են համարվել 21 քաղաքացի, որոնցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի:

18:08

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Նրանց առողջական վիճակը, համաձայն հաղորդագրության, մասնագետները գնահատում են բավարար:

17:23

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 17 է, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մյուսը՝ Իրանի, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, Ռուսաստանի քաղաքացին Լյուբա Գլեբովան է, իսկ իրանցին՝ Մեհդի Թահրերին:

Ավելի վաղ ԱԻՆ-ը հաղորդել է 19 անհետ կորածի մասին, որոնցից 2-ը, ըստ Կոստանյանի, կապ են հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ այդ պահին առևտրի կենտրոնի տարածքում չեն եղել:

17։14

Երկու հատվածից է բաղկացած դեպքի վայրը, դա այդ հսկայական շինության մի մասն է, որը դեռևս կանգուն է, բայց շատ երերուն, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից հետո որոնողափրկարարական աշխատանքներին։

«Տեղի է ունեցել հիմքի՝ հենասյուների, հենապատերի խարխլում, և այդ ամբողջ հրդեհաշիջման աշխատանքներն ավելի են բարդացնում այդ վիճակը, և կա ռեալ փլուզման վտանգ», - հավելեց նա։

Հարցին, թե որքա՞ն է հավանականությունը՝ ողջ մարդկանց դուրս բերել այնտեղից՝ հաշվի առնելով, որ 24 ժամից ավելի անցել է արդեն, փոխնախարարն արձագանքեց. «Միշտ հավանականություն կա, և միշտ հրաշքներ, ըստ էության, տեղի ունենում են, բայց նաև իրական պատկերը հասկանալով և գնահատելով ամբողջ ծանրությունը և այն հավելյալ գործոնները, որոնք ազդեցություն ունեն դեպքի վայրի վրա՝ կարող ենք ասել, որ կա այդ հավանականությունը, բայց այն, ըստ էության, մեծ չէ»։

16։09

Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած քաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավալելով, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն:

16։08

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ գրեթե բացառված է այն վարկածը, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում ռումբ է տեղադրված եղել։

«Պայթյունի կադրերը դիտելով՝ մենք գրեթե բացառում ենք նման կանխավարկածը, որովհետև այն զարգանում է մաքուր հրդեհային պրոցեսներով, այսինքն՝ ծխահարում, ենթադրվում է, որ արդեն ինչ-որ փոքր հրդեհի օջախ է եղել, այնուհետև պայթյուն, որովհետև այդ պայթյունը... այնտեղ բավականին մեծ քանակությամբ եղել են հրավտանգ նյութեր», - լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը։

14։58

Պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը ավելացել է մեկով՝ դառնալով 19։ ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորած կարող է համարվել նաև Մելինե Տալոյանը (ծնված 1997 թ․):

14։33

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) լրատվամիջոցներին և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ Հայաստանի տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ չճշտված տեղեկություններ և մեկնաբանություններ հրապարակելուց։

ԱԱԾ-ն կոչ է անում օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից՝ «հանրության շրջանում անհարկի խուճապային տրամադրության ստեղծումը բացառելու համար»:

Միաժամանակ, ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ լիազորությունների շրջանակում ամբողջ ծավալով վերահսկում է անվտանգային իրավիճակը հանրապետությունում:

14։15

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 13 տուժած, հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար, նշում է նախարարությունը՝ տեղեկացնելով, որ մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել։

14:10

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների շարքում է նաև Իրանի քաղաքացի Մեհրի Թահրերին։

Ըստ հաղորդագրության, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Վանիկ Կարապետյան

16․ Նարինե Կարապետյան

17․ Վալոդ Կարապետյան

18․ Մեհրի Թահրերի (ԻԻՀ քաղաքացի)

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։

14։06

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ պաշտոնական Երևանին ցակակցել են Վրաստանի, Ռուսաստանի արտգործնախարարությունները, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Չինաստանի դեսպանությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցական հեռագիրն է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հայաստանի ժողովրդին ցավակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

13։30

Պայթյունի վտանգ այլևս չկա, կա լոկալ ճայթյունների՝ մնացած նյութերի հնարավոր բռնկման հավանականություն, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը՝ նշելով՝ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև հետևանքները և լոկալիզացիան ամբողջությամբ իրականացվի։

11։50

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 զոհվածների անունները՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան և Գայանե Ավետիսյան։

Անհետ կորածների թիվը 15-ն է։

11։18

«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

09։58

Արտակարգ իրավիճակների նախարարությունն անհետ կորածների անուններն է հրապարակել՝ այսօրվա դրությամբ։

Ըստ այդմ, ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

10․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

11․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

12․ Վանիկ Ամիրխանյան

13․ Անահիտ Խալաթյան

14․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

15․ Արամ Հարությունյան

16․ Դավիթ Մխիթարյան

Անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում ԱԻՆ-ը խնդրում է զանգահարել «911» թեժ գիծ։

09:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի, Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի ուղեկցությամբ:

Փաշինյանին ներկայացվել են որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:

09։30

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից տուժած 61 քաղաքացիներից 24-ը դեռ շարունակում են ստացիոնար բուժումը, «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Քաղաքացիները հիմնականում ծխահարված են եղել, հրմշտոցի արդյունքում թեթև վնասվածքներ են ստացել։ Հիմա բժիշկները 24-ի առողջական վիճակը միջին ծանրության են գնահատում», - ասաց Խաչատրյանը։

Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ մեկ անչափահաս կա ստացիոնարում, մեկ հղի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

08։87

Առավոտյան ժամը 8։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի․ ըստ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանի, քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի։

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Գարի Արմաղանյան «Ազատությանը» փոխանցեց, որ 4 զոհի ինքնությունը պարզված է՝ Միսակ Մարգարյան՝ ծնված 1964 թվականին, Անահիտ Մխիթարյան՝1967թ․, Ջեմմա Նազարյան՝ 1960թ․, Գայանե Ավետիսյան՝ 1966թ։

Ժամը 8-ի դրությամբ, ըստ Արմաղանյանի, անհետ կորած քաղաքացիների թիվը 16-ն է։

«Այս պահին հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, հրդեհը դեռ մեկուսացված չէ, որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասաց փոխգնդապետը։

08։10

Փլատակների տակից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահի դրությամբ ունենք 5 զոհ՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան և Ջեմմա Նազարյան. զոհերից երկուսի ինքնությունը պարզված չէ», - տեղեկացրել է Կոստանյանը։

1:26

3-րդ զոհի ինքնությունը ևս պարզվել է ՝ Ջեմա Նազարյան (1960թ․ ծնված), տեղեկացնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա հավելել է, որ այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած․ տեղում աշխատում է 185 փրկարար ծառայող։

Ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա:

Ավելի վաղ հաստատվել էր նաև երկու այլ զոհերի ինքնությունը` Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան:

23:50

Անհետ կորած 25 քաղաքացիներից 6-ը գտնվել են, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը: Հայտնաբերված քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ դեռ չեն հաղորդվել:

Այս պահի դրությամբ անհետ կորած է 19 քաղաքացի: «Շարունակվում են հրդեհաշիջման և որոնողա-փրկարարական աշխատանքները»,֊հայտնում է նախարարությունը։

23:10

Ժամը 22։15-ի դրությամբ կա 3 զոհ․ երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻՆ «911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած կարող են համարվել հետևյալ քաղաքացիները՝

1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981 թ․

2․ Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․

3․ Մարատ Շահբազյան

4․ Սիրարփի Խաչատրյան

5․ Մարիամ Խաչատրյան

6․ Հարութ Գարաքյան

7․ Գագիկ Կարապետյան

8․ Արտավազդ Հայրապետյան

9․ Գայանե Ավետիսյան, ծնված 1965 թ․

10․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․

11․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․

12․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․

13․ Վանիկ Ամիրխանյան

14․ Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․

15․ Անահիտ Խալաթյան

16․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․

17․ Արմեն Թորոսյան

18․ Անահիտ Երվանդի

19․ Արամ Հարությունյան

23:05

Ահազանգ է ստացվել, որ անհետ կորած հղի կին կա իր 5 տարեկան երեխայի հետ, լրագրողներին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

Ընդհանուր 20 քաղաքացուց, նրա հաղորդմամբ, ԱԻՆ-ում ահազանգ կա իրենց հարազատների անհետ կորած լինելու մասին:

Նախարարն ասաց նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն ընդհանուր առմամբ մարված է, բայց «քամին առաջացնում է որոշակիորեն հրդեհային իրավիճակ», որոնողափրկարարական աշխատանքները շարունակվելու են ողջ գիշեր:

Այս պահի դրությամբ հայտնի է, որ պայթյունի հետևանքով կա երեք զոհ` երկու կին և մեկ տղամարդ: Ըստ պաշտոնյայի` նրանք միջին տարիքի են:

23:02

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` երկու հոդվածի (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և (դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի տեղեկացմամբ` ներկա պահի դրությամբ պայթյունի պատճառները դեռևս պարզված չեն, քննության առարկա են դառնալու հնարավոր բոլոր վարկածները։

22:35

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա աղջիկ։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից հայտնում են, որ աղջիկն ունի վնասվածքներ կրծքավանդակի շրջանում, բայց կյանքին վտանգ չի սպառնում։

22:20

Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի։ Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել կնոջ դի, փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

21:55

Պայթյունի հետևանքով ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել բժշկական կենտրոն, այսպիսով ԲԿ-ներ տեղափոխվածների թիվը հասել է 61-ի` ըստ Առողջապահության նախարարության:

Այս պահին տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 24 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մյուս հոսպիտալացվածները, ըստ գերատեսչության, ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

20:44

Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 10 տուժածի և մեկ դի․ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

20:00

Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

19:58

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ընդունված 5-ամյա աղջնակը դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնում է բժշկական կենտրոնի խոսնակը:

19:57

«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակների տակից մահացած կնոջ դի է հայտնաբերվել` այրվածքներով, լրագրողներին հայտնեց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Կնոջ ինքնությունը դեռ հայտնի չէ:

Նա ասաց, որ մինչ ուշ գիշեր տեղում աշխատանքները շարունակվելու են:

«Փլատակների տակից ընդհանուր առմամբ, որ կարողացել են այս շրջանում օգնություն ցուցաբերել և հանել, մինչև տասը քաղաքացի, և ունենք ներկա պահին 20 ահազանգ, որտեղ քաղաքացիները փնտրում են իրենց հարազատներին, այսինքն` ենթադրվում է, որ նաև առնվազն 20 հոգու պետք է մենք որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնենք», - տեղեկացրեց Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` այս պահին հնարավորինս հաջողվել է հրդեհը մարել, և «հրդեհի մասով վտանգ չկա»: «Բայց քանի որ պայթուցիկ նյութերի հետ գործ ունենք, մենք հնարավորինս զերծ ենք մնում ամբողջական մարում հայտարարել, քանի որ վտանգ կարող է լինել, որ ևս ինչ-որ պայթուցիկ նյութեր մնացած լինեն», - հավելեց նա:

19:30

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա աղջնակին ու նրա մորը:

18:31

Այս պահի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը միջին ծանրության է գնահատում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: 56-ից 20-ը ստացել են առաջին օգնությունը ու դուրս գրվել», - նշում է գերատեսչությունը:

Ավելի վաղ «Ազատությունը» հայտնել էր նաև, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

18:23

«Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհը դեռևս ամբողջությամբ մարված չէ, սակայն կառավարելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Նույնիսկ մեկուսացում «չենք տվել», քանի որ անընդհատ շարունակվում են փոքր պայթյունները, բայց կատարվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ, որպեսզի կարողանանք կառավարել: Կարելի է ասել` հրդեհը ներկա պահին կառավարելի է», - նշեց նա:

Արմեն Փամբուխչյանն ավելացրեց, որ արդեն մի քանի ժամ է` որոնողափրկարարական աշխատանքներ են կատարվում. «Ենթադրում ենք, որ կլինեն քաղաքացիներ, մի փոքր զգուշությամբ ենք մոտենում աշխատանքներին, որպեսզի ենթադրաբար չվնասենք ներքևում գտնվող` փլատակների տակ հայտնված քաղաքացիներին»:

Մոտ երկուսուկես ժամ առաջ երկու կին է տարհանվել փլատակների տակից, նրանց վիճակը, ըստ նախարարի, ծանր է եղել:

Նախարարն ասաց նաև, որ դեռևս փլուզման վտանգ կա, որովհետև շենքի «սյուներն ամբողջությամբ դեֆորմացվել են»:

Պայթյունի պատճառների մասին նա չխոսեց` նշելով, որ պետք է կատարվի պատշաճ քննություն:

18:20

Երևանի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն․ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 50 փրկարար և 155 հրշեջ-փրկարար։ Ժամը 18։00-ի դրությամբ դուրս է գրվել 15 քաղաքացի, ստացիոնար բուժում են ստանում 40-ը, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

17:17

ԱԻՆ խոսնակի հաղորդմամբ` հրդեհը դեռ չի հաջողվել մարել: Նախարարությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

17:09

Պայթյունից տուժած 5-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեխափոխվել է հիվանդասենյակ, տեղեկացնում է առողջապահական գերատեսչությունը:

Նախարարությունը հայտնում է նաև` ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «Էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:

Կա 1 զոհ:

16:45

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է տասը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնություն և դուրս են գրվել, հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել, հավելում է գերատեսչությունը:

Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:

16:32

«Շենգավիթ» ԲԿ է դիմել ևս 4 տուժած, նրանց վիճակը ևս գնահատվում է միջին ծանրության: Քաղաքացիներից մեկը, որ ծխահարվել է, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Այստեղ դիմածները միջին տարիքի են, ընդհանուր 12 հոգի:

16:22

«Էրեբունի» բժշկական կենտրոն մինչ այս պահը դիմել է «Սուրմալու»-ի պայթյունից տուժած 13 անձ, որից մեկը եղել է 45-50 տարեկան տղամարդ, նա բերվել է մահացած, «Ազատությանը» հայտնեց «Էրեբունի» ԲԿ-ի ընդունարանի վարիչ Արմինե Սանամյանը:

Նա շեշտեց` բոլորին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել են անհրաժեշտ հետազոտությունները. «Բոլորը գտնվում են ստացիոնար բուժման մեջ, վիճակները գնահատվում է բավարար, մի քանի պացիենտի վիճակ գնահատվում է միջին ծանրության: Ունեն տարբեր տեսակի վնասվածքներ` ողնաշարի, վերջույթների, գլխի»:

15:57

Շենգավիթ ԲԿ-ից քիչ առաջ տուժածներից մեկը դուրս է գրվել, այս պահին այնտեղ բուժվում է պայթյունից տուժած 8 քաղաքացի: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրեց ԲԿ-ի խոսնակը:

Շուրջ 10 մարդ է դիմել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, այդ թվում` ծնողներ իրենց երեխաների հետ: Վերակենդանացման բաժանմունքում այս պահին, ըստ ԲԿ-ի, 1 երեխա է գտնվում՝ 5 տարեկան, նա թթվածնի ապարատի օգնությամբ է շնչում, կյանքին վտանգ չի սպանում: Նրանից բացի, մյուս տուժածներն արդեն դուրս են գրվել:

«Ազատության» տեղեկություններով` պայթյունի հետևանքով զոհվածը միջին տարիքի տղամարդ է: Պաշտոնական տեղեկություն նրա ինքնության մասին դեռևս չկա:

15:30

Պայթյունի հետևանքով 26 տուժած բուժօգնություն է ստանում տարբեր բժշկական կենտրոններում, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Ժամը 15:00-ի դրությամբ «Շենգավիթ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 տուժած, որից 5-ը ստացել են առաջին բուժօգնություն և դուրս գրվել: Պայթյունի հետևանքով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 3, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ՝ 4, «Էրեբունի» ԲԿ՝ 4, Թիվ 1 համալսարանական հիվանդանոց՝ 6 տուժած: Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, նշում է առողջապահական գերատեսչությունը:

15:27

«Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքի երեք կողմից փլուզման վտանգ կա, տեղեկացրնում է Արտակարգ իրավիճակների նախարարության խոսնակ Հայկ Կոստանյանը` հավելելով, որ ԱԻՆ-ն աշխատում է ուժեղացված ռեժիմով, դյուրավառ պայթուցիկները դեռ շարունակում են պայթել:

«Ազատության» տեղեկություններով՝ 30 քաղաքացի դիմել է տարբեր բժշկական կենտրոններ:

«Արմենիա» ՀԲԿ-ն ընդունել է 6 տուժածի, նրանցից 3-ը հոսպիտալացվել են, առողջական վիճակը միջին ծանության է, նրանց կյանքին սպառնալիք չկա, փոխանցեցին կենտրոնից: Մյուս 3 տուժածները բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

15:09

«Ազատության» տեղեկություններով` մեկ քաղաքացի տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ՝ մահացած, 8 -ը` միջին ծանրության: 14 հոգի տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որոնցից 9-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 5-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

14:55

Ըստ ԱԻՆ-ի` առևտրի կենտրոնի շենքն ամբողջությամբ այրվում է, կրակը դեռ չի հաջողվում մարել:

14:40

ԱԻՆ խոսնակն «Ազատությանն» ասաց՝ տեղի պահեստների եռահարկ շենքն այրվում է, մասնակի փլուզում կա: Նրա հայտնած տվյալներով` կա մեկ զոհ, 20 վիրավոր:

13:50

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն` ըստ նախնական տվյալների` հրդեհի բռնկմամբ, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը: Կան տուժածներ։

Your browser doesn’t support HTML5

Պայթյուն` «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ, դեպքի վայր են մեկնել փրկարարները, հավելում է ԱԻՆ-ը:

Շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նախնական տվյալներով` 11 հոգի տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Ըստ շտապօգնության` տուժածների թիվը կարող է ավելանալ:

Շուրջ մեկ տարի առաջ էլ այս նույն շուկայում` կենտրոնական մասնաշենքում, հրդեհ էր բռնկվել: Այն ժամանակ այրվել էին խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Տոնավաճառի տաղավարներից մեկն էլ այրվել էր 2013-ին: