Ռուսաստանը հայտարարում է ևս մեկ Himars համակարգի ոչնչացման մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ուկրաինայի տարածքում ամերիկյան արտադրության Himars հրթիռային համակարգի ոչնչացման մասին։ Այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ռազմական գերատեսչության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

«Կրամատորսկ բնակավայրի մերձակայքում ոչնչացվել է մեկ Himars համակարգ և զինապահեստ, որտեղ պահվում էին այդ զինատեսակի համար նախատեսված հրթիռները», - հայտարարել է Կոնաշենկովը։

Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նաև հայտարարել է Նիկոլաևի մարզում երկու ուկրաինական ուղղաթիռների ոչնչացման, ինչպես նաև Դոնբասի մի շարք շրջաններին հասցված հարվածների մասին։

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ռմբակոծել են Ուկրաինայի Զինված ուժերի 10-րդ լեռնագրոհային բրիգադի ժամանակավոր տեղակայման վայրը։ Հարվածի հետևանքով 170 ուկրաինացի զինվորական է սպանվել, ոչնչացվել է 12 միավոր ռազմական տեխնիկա», - հայտարարել է գեներալ Կոնաշենկովը։

Անկախ աղբյուրները պաշտոնական Մոսկվայի տրամադրած այս տեղեկատվությունը դեռևս չեն հաստատում։