Այսօր գյուղմթերքով բեռնված ևս երկու նավ է լքել Ուկրաինայի տարածքը

Այսօր գյուղատնտեսական ապրանքներ տեղափոխող ևս երկու բեռնանավ է լքել Ուկրաինայի տարածքը, հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

Թուրքական ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ Բարբադոսի դրոշի ներքո նավարկող Fulmar S նավը Չերնոմորսկի նավահանգստից Թուրքիայի հարավում գտնվող Իսքանդերուն է տեղափոխում ավելի քան 12 հազար տոննա եգիպտացորեն։ Մարշալյան կղզիներում գրանցված Thoe-ն նույն Չերնամորսկի նավահանգստից ուղղություն է վերցրել դեպի թուրքական Թեքիրդաղ քաղաք։

«Այս մի նավը 3 հազար տոննա արևածաղկի սերմ է տեղափոխում», - հաղորդում են թուրքական աղբյուրները՝ հավելելով, որ օրվա ընթացքում ուկրաինական նավահանգիստները ևս մեկ նավ կլքի՝ այս անգամ ցորենով բեռնված։

Թուրքիայի ենթակառույցների նախարարության տվյալներով՝ օգոստոսի սկզբից՝ Մոսկվայի, Կիևի, Անկարայի և ՄԱԿ-ի միջև կնքված քառակողմ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, ուկրաինական նավահանգիստներից շուրջ 450 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել։