1990- ականների վերջից մինչև 2020 -ի պատերազմը բանակցային սեղանին դրվել են կարգավորման 7 հիմնական տարբերակներ, որոնք ընդունված է անվանել փաթեթային, փուլային, ընդհանուր պետոություն, Քի Ուեսթյան, Մադրիդյան սկզբունքներ, Կազանյան պլան, Լավրովի պլան:
Մադրիդյան սկզբունքներ
Երբ հայր Ալիևը 2001-ին Քի Ուեսթում մերժեց սեղանին դրված առաջարկը, բանակցությունները մտան փակուղի և վերսկսվեցին 2003 թվականին` Հայաստանում և Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրություններից հետո միայն: 2004-ի գարնանը կողմերը նորից են հանդիպում, այս անգամ` Չեխիայի մայրաքաղաքում. Հետո այս փուլը կկոչվի Պրահյան գործընթաց:
Վերսկսված բանակցություններում որոշ նորամուծություններ են նկատվում. սկսում են հանդիպումներ` արտգործնախարարների ձևաչափով: Բացի այդ` միջնորդները ոչ թե կոնկրետ համաձայնագրի տեքստ են դնում սեղանին, ինչպես նախկինում, այլ սկսում են ձևավորել այն սկզբունքները, որոնց հիման վրա հետագայում պետք է շարադրվեր խաղաղության համաձայնագիրը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ:
երեք տարի շարունակված բանակցություններից հետո առաջարկները ի վերջո փաստաթղթ տեսք են ստանում, միջնորդները դրանք ներկայացնում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ` 2007 ի նոյեմբերի 29 -ին Մադրիդում, այստեղից էլ անվանումը` Մադրիդյան սկզբունքներ:
Նորամուծությունն ու տարբերությունը
Ո՞րն էր Մադրիդյան սզբունքների հիմնական նորամուծությունն ու տարբերությունը: Եթե հակիրճ՝ այստեղ է, որ առաջին անգամ շրջանառության մեջ է դրվում Արցախի վերջնական կարգավիճակի հարցը հանրաքվեով որոշելու գաղափարը, մնացած հարցերի մասին՝ տարածքների վերադարձ, խաղաղապահներ կամ անվտանգության երաշխիքներ խոսվել է նաև հակամարտության կարգավորման նախորդ տարբերակներում:
Գործընթացը զարգանում է փակ դռների ետևում. Թեև մամուլում պարբերաբար հայտնվում են ակնարկներ, որ միջնորդներն ու կողմերը ինչ֊որ նոր բան են մտածել, սակայն միայն 2006 թվականին է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում առաջին անգամ դրանք բացահայտում:
«Մենք ունենք շրջանակային համաձայնագիր, որը կոչ է անում դուրս բերել հայկական զորքերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք ներկայումս տեղակայված են: Մյուս կողմից, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական ու դիվանագիտական կապերի նորմալացում: Կան նաև այլ դրույթներ, ինչպես, ասենք, խաղաղապահների տեղակայում, միջազգային տնտեսական օժանդակություն Ղարաբաղի տարածաշրջանի համար և տնտեսական զարգացում: Այսինքն, կա փաթեթային առաջարկ սեղանի վրա: Եվ վերջում, ինչ-որ մի պահի նախատեսված է նաև քվեարկություն՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի հարցով: Ահա սա է բանակցությունների սեղանին դրված առաջարկի հիմնական ուրվագիծը»:
Այս հարցազրույցից շաբաթներ անց արդեն Մինսկի խմբի համանախագահները գաղտնազերծում են քննարկվող սկզբունքները` ընդհանուր գծերով:
«Սկզբունքները հիմնված են Լեռնային Ղարաբաղը շրջապատող ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի վերադիրքավորման վրա` առանձնահատուկ պայմաններ նախատեսելով Քելբաջարի ու Լաչինի շրջանների համար ներառյալ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող միջանցքը): Սկզբունքները հիմնված են նաև այդ տարածքների ապառազմականացման, և հանրաքվեի կամ ժողովրդական քվեարկության անցկացման վրա՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Քվեարկության ամսաթիվն ու պայմանները պետք է որոշվեն հետագա բանակցությունների ընթացքում»:
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ասում է ՝ ինքն էր կարգավիճակը հանրաքվեով որոշելու կետը հեղինակել:
«Ես ինձ համարում եմ Մադրիդյան սկզբունքների փաստաթղթի առաջին պարտերության հայրը, իմ իմացածի, որովհետև հետո փոխվել է, էդ պարտերությունը գնացել է 5-րդ, 6-րդ, իմ բանակցած վերջին Մադրիդյան փաստաթղթի առաջին պարտերության, որը կարամ բառացի վերարտադրեմ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր տարածքում, իր բնակչությամբ 80/20 վերջին սովետական մարդահամարի հարաբերակցությամբ կորոշի իր կարգավիճակն ու այդ հանրաքվեի արդյունքը կարող է լինել ցանկացած բան, ցանկացած ելք»:
«Անի» վերլուծական կենտրոնն ավելի ուշ գաղտնազերծել է փաստաթղթի մայր տարբերակը, որտեղ ավելի մանրամասն է ներկայացվում` կոնկրետ ինչ լուծումներ էին նախատեսվում, ում միջոցով և ինչ ժամկետներում:
Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասով նշվում էր, որ կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը կընձեռի կամքի ազատ և իրական արտահայտում: Ընդ որում, հստակեցվում էր` ԼՂ բնակչություն ասելով հասկացվում են ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը՝ 1988 թվականին:
Խորհրդային 1979 և 1989 թվականների մարդահամարների արդյունքներով՝ Ղարաբաղի բնակչության մոտ 76-77 տոկոսը հայեր էին, մոտ 23 - 22 տոկոսը՝ ադրբեջանցիներ:
Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը պետք է համաձայնեցնեին ապագա բանակցություններում. դրա համար հատուկ կոմիտե պետք է ստեղծվեր` համանախագահող երկրների հետ համագործակցությամբ, որը պետք է գործեր կոնսենսուսի սկզբունքով: Այսինքն, եթե որևէ կողմ դեմ լիներ որևէ որոշման, այն չէր ընդունվելու: Բացի այդ, հատուկ արձանագրված էր, որ հանրաքվեի կարող է դրվել ցանկացած հարց. ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տրվել ցանկացած կարգավիճակի հնարավորություն:
Մադրիդյան մայր սկզբունքներում նշվում էր նաև, որ մինչև հանրաքվեով վերջնական կարգավիճակի որոշումը` միջանկյալ փուլում, Ղարաբաղի բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ, օրինակ՝ կընտրեն սեփական իշխանություններին, կունենան սեփական դատարաններն ու կստանան միջազգային ֆինանսական աջակցություն՝ խաղաղ զարգացման համար:
Երրորդ կետը Ղարաբաղին հարակից տարածքների մասին էր, նշվում էր, որ հայկական վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, բայց ոչ բոլորը միանգամից. Քելբաջարը մասնավորապես պետք է մնար միջազգային, այսպես կոչված, անցումային հանձնաժողովի վերահսկողության տակ, բացի այդ այնտեղ մնալու էր նաև սահմանափակ թվով հայկական զորամիավորում, իսկ տեղահանված ադրբեջանցիների վերադարձի համար էլ դրված էր նախապայման` Խաղաղության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելուց 5 տարի անց միայն:
Մադրիդյան սկզբունքներում նշվում էր նաև Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի մասին, դրա լայնքը դեռ պետք է համաձայնեցվեր, իսկ մինչև Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը պետք է գտնվեր Ղարաբաղի ժամանակավոր իշխանությունների վերահսկողության տակ:
Մադրիդյան սկզբունքները անդրադառնում էին նաև Ղարաբաղի շրջակա տարածքների ապառազմականացանը, խաղաղապահների տեղակայմանը, փախստականների վերադարձին, տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանն ու խաղաղության ապահովման համար անհրաժեշտ այլ քայլերի:
Հետագայում՝ համանախագահների հայտարարություններում Մադրիդյան սկզբունքները հիշատակելիս կարգավիճակի մասին կետը նշվում է տարածքների վերադարձից հետո, բայց միջնորդները նաև շեշտում են, որ սկզբունքներում նշված որևէ տարր մյուսի նկատմամբ գերակայություն չունի, և բոլոր կետերը հարկ է դիտարկել որպես մեկ ամբողջություն:
«Առաջարկված այս տարրերը մշակվել են որպես մեկ ամբողջություն, և որոշ տարրերը մյուսներից գերադասելու ցանկացած փորձ անհնար կդարձնի հասնել հանգուցալուծման»:
Քննադատները մատնանշում են սպառնալիքները
Մադրիդյան սկզբունքների կողմնակիցները ընդգծում են` հանրաքվեն Արցախին հնարավորություն էր տալու ամրագրել միջազգայնորեն ճանաչված կարգավիճակ` ոչ
Ադրբեջանի կազմում: Իսկ եթե Ադրբեջանը հրաժարվեր այդ գաղափարից, հայկական կողմը կպահեր Քելբաջարն ու Լաչինը:
Քննադատները մատնանշում են սպառնալիքները` ապագա հանրաքվեի և վերջնական կարգավիճակի հարցը մշուշոտ էր, անորոշ ու անիրական: Անորոշություններ կային հնարավոր հանրաքվեի կազմակերպման վերաբերյալ, հարցեր էին մնում նաև Արցախի անվտանգության ապահովման մեխանիզմների մասով, մինչդեռ Հայաստանը պարտավորվում էր զիջել անվտանգության գոտի համարող շրջանները:
Հիմնարար սկզբունքների քննադատները ևս մի կետ են նշում` Արցախի անկախությանը վերաբերող պլեբիսցիտը՝ փաստորեն զրոյացնում էր 1991 թվականի հանրաքվեն, որի հիման վրա տարիներ շարունակ կառուցվել էր Արցախի ինքնիշխանությունը:
«2007 թվականին ՀՀ-ն որպես բանակցային հիմք ընդունում է «Մադրիդյան սկզբունքները», որտեղ ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը պետք է որոշվի հանրաքվեի միջոցով: Սա նշանակում է՝ հայկական կողմը, այդ հենքը ընդունելով, ապալեգիտիմացրել է արդեն գոյություն ունեցող հանրաքվեն: Հայկական կողմը, երբ ընդունել է ապագա հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի հետ փոխհամաձայնության պայմաններում, կտրել է այն ճյուղը, որի վրա բոլորս նստած ենք եղել:
Մենք արդարացիորեն ասել ենք՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, բա ինչի՞ ենք Ադրբեջանի հետ քննարկում նրա նոր կարգավիճակ ստանալու հարցը», - նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանրապետական կուսակցությունից արձագանքել են՝ նոր հանրաքվեին համաձայնել էին, քանի որ 91 -ինը միջազգային մանդատ ունեցող դիտորդներ չի ունեցել:
«Մադրիդյան փաստաթղթերն ընդունելով, մենք բացարձակապես որևէ վնաս չենք տվել Լեռնային Ղարաբաղում 1991 թվականին կայացած հանրաքվեին: Ակնհայտ է, որ եթե նոր հանրաքվեն կայանար, այն լինելու էր, այդպես էլ գրված է, կա՛մ ՄԱԿ-ի, կա՛մ ԵԱՀԿ դիտորդների մասնակցությամբ: Այն, ինչ որ Լեռնային Ղարաբաղում 1991 թ. անցկացվել է, եղել է առանց միջազգային մանդատ ունեցող դիտորդների և այլն: Ակնհայտ է, որ հենց այնպես չէր կարելի պնդել, ասել՝ սա է և վերջ, որովհետև մենք չէինք ունենա միջազգային հանրության աջակցությունը»:
Ի դեպ՝ նոր հանրաքվե անցկացնելու գաղափարի քննադատությունը նոր չէ, Ղարաբաղից նախկինում հնչել են հայտարարություններ, որ կարգավիճակի վերաբերյալ կրկնակի հանրաքվեն իրենց համար ընդունելի չէ, իսկ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ժամանակին ասել էր, որ նոր հանրաքվեի գաղափարն ընդունելով հայկական կողմը լուրջ փոխզիջման է գնացել:
«Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռևս Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ»:
Ուշագրավ է, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն տարբեր տարիների, հանդես է եկել Մադրիդյան սկզբունքների թե՛ քննադատությամբ, թե՛ պաշտպանությամբ, մասնավորապես, 2008 -ին խոսում էր հանրաքվեի կազմակերպման հարցում անորոշությունների վտանգավորության մասին, 2012 թվականին նշում ՝
«Սա իսկապես թատրոն է` մեր ժողովրդին խաբելու համար: ԵՎ մի բան է նշանակում. երբ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները դրվում են իրար կողք, դա նշանակում է` Ղարաբաղի ինքնորոշումը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, այսինքն՝ ոչ ավելի, քան ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Թող չխաբեն ոչ մեկին, ուրիշ բան չկա»
Սրանից հինգ տարի հետո, սակայն, երբ ապրիլյան քառօրյա պատերազմն արդեն եղել էր, Տեր- Պետրոսյանը աջակցում է կարգավորմանը` Մադրիդյան սկզբունքների հիման վրա, այն որակելով չարյաց փոքրագույն:
«Չարյաց փոքրագույնն է, որովհետև եթե սա էլ չընդունենք, հաջորդ լուծումն ավելի վատ է լինելու»:
Ըստ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք արտգործնախարար էդվարդ նալբանդյանի՝ բանակցությունների ընթացքում Մադրիդյան հիմնարար սկզբունքներում երեք տասնյակից ավելի էական փոփոխություններ են կատարվել, թե որ փուլում հատկապես ինչն է փոխվել, շատ դժվար է ստույգ ասել, որովհետև բանակցություններն ընթանում էին դռնփակ` խիստ գաղտնիության պայմաններում: Որոշ միտումների մասին հնարավոր է միայն ընդհանուր պատկերացում կազմել` համանախագահների հայտարարություններից, մամուլում եղած հատուկենտ արտահոսքերից կամ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հարցազրույցներից:
Ադրբեջանը, մասնավորապես, խոսում էր նախ Ղարաբաղի հարակից տարածքները ստանալու, տեղահանվածներին վերադարձնելու, հաղորդակցության ուղիները բացելու, և դրանից հետո միայն կարգավիճակի շուրջ քննարկումներ ունենալու մասին: Կարգավիճակի մասով էլ Բաքուն մշտապես ընդգծում էր` Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում, արտգործնախարար Մամեդյարովը 2010 -ին, օրինակ, հայտարարում էր , որ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հնարավոր հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները», քանի որ այդ հանրաքվեն վերաբերում է երկրի տարածքային ամբողջականությանը:
Կազանյան պլան
Հիմնարար այս սկզբունքների շուրջ համաձայնությանն ամենամոտը կողմերը եղել են Կազանում 2011 թվականին: հանդիպման նախօրեին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռաբերտ Բրադկեն հայտարարում էր, որ Քի Ուեսթից հետո այս մեկը բանակցությունների ամենակարևոր կետն է:
«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգուկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանը առնչվող կարևորագույն հարցերը»:
Ըստ Սերժ Սարգսյանի՝ եղել է նախապատրաստված տեքստ, որի տակ պետք է ստորագրեին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, սակայն, Ադրբեջանը դարձյալ վերջին պահին հրաժարվել է՝ նոր պահանջներ առաջ քաշելով:
Դարձյալ «Անի» վերլուծական կենտրոնի գաղտնազերծած Կազանյան փաստաթղթից պարզ է դառնում, որ Կազանում քննարկված սկզբունքները Ղարաբաղի կարգավիճակի մասով առանձնապես չէին տարբերվում 2007 -ի Մադրիդյան տարբերակից, դարձյալ նախատեսվում էր Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ 2 փուլով` սկզբում 5 շրջան, հետո ևս երկուսը, դարձյալ միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվե, որի մանրամասները դեռ պետք է որոշվեին` ապագա բանակցություններում:
Ադրբեջանն այս առաջարկը Կազանում մերժել էր վերջին պահին ավելի քան 10 առարկություններ ներկայացնելով. Բաքվի համար, մասնավորապես, անընդունելի էր, որ ապագա հանրաքվեի ընթացքում հարցի ձևակերպման սահմանափակում չի լինելու, ինչը կարող էր հանգեցնել Ղարաբաղի կարգավիճակի՝ ոչ Ադրբեջանի կազմում:
Ադրբեջանը համաձայն չէր նաև Քելբաջարի վերադարձը կապել Ղարաբաղում ապագայում անցկացվելիք հանրաքվեի հետ, մինչդեռ հայկական կողմը դա համարում էր Արցախի վերջնական կարգավիճակի որոշման երաշխիք: Ադրբեջանը առարկություններ ուներ նաև Լաչինի միջանցքի կարգավիճակի և լայնքի հետ կապված:
Կազանի մասին լայն հանրությունը տեղեկացավ թերևս Կիսելովի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից: Տարիներ շարունակ իշխանության տարբեր ներկայացուցիչներից և մերձիշխանական շրջանակներից հնչող ոչ մի թիզ հող կարգախոսներից հետո Սարգսյանի հայտարարությունը տարածքային հնարավոր զիջումների մասին շատ մեծ աղմուկ և ցնցում առաջացրեց:
«Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի, այսինքն՝ այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում, բայց այնտեղ առաջին կետում հստակ գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Այդ ազատ կամարտահայտնումը պարտադիր իրավաբանական ուժ ունի: Այնուհետև գրված էր, թե ով է մասնակցում, որն է օրակարգը, այսինքն, հանրաքվե: Դա ինքնորոշման սկզբունքի մարմնավորումն էր, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը նոր պահանջներ էր առաջադրում: 2011-ին թվում էր, թե մենք արդեն մոտեցել ենք եզրագծին, պատրաստ ենք փաստաթղթի ստորագրմանը, ցավոք, Կազանում Ադրբեջանը հրաժարվեց այդ սկզբունքից»:
Հետո Սերժ Սարգսյանը մեկ այլ հարցազրույցում արդեն պատերազմից հետո ասել է.
«Մենք կենտրոնանում էինք այն հարցի վրա թե ինչ էինք ստանում, ոչ թե՝ ինչ էինք տալիս։ Կազանյան փաստաթուղթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակ՝ Ադրբեջանից դուրս։ Նորից եմ ասում՝ դեն շպրտեք ձեր գլխից, թե ինչ էինք մենք տալու, դուք մտածեք այն մասին, թե ինչ էինք ունենալու։
Մենք ստանալու էինք միջազգայնորեն երաշխավորված խոստում, որ ԼՂ վերջնական կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտմամբ, որը ունի պարտադիր իրավական ուժ, և որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում։ Դա մեզ հնարավորություն էր տալիս շատ հանգիստ գնալ խնդրի լուծման, այո, փոխզիջումների միջոցով։ Բացի դրանից, մենք ստանում էինք ԼՂ միջանկյալ կարգավիճակ, որը, ինչպես և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ համանախագահները որակում էին որպես «այսօրվա իրողություն պլյուս»։
Սերժ սարգսյանն ասում է, որ 5 տարածք զիջելով միջազգայնորեն երաշխավորված խոստում էին ստանալու կարգավիճակի հարցով հանրաքվեի վերաբերյալ, սակայն Մինչև հիմա հստակ չէ թե միջազգայնորեն երաշխավորված խոստումը ինչպես էր փաստաթղթավորվելու: Ըստ Սարգսյանի՝ հայկական կողմը Քելբաջարի և Լաչինի վերադարձն էր ձգտում կապել հանրաքվեի հետ:
Իսկ Ղարաբաղի հարցով զբաղվող Թաթուլ Հակոբյանը կարծում է՝ հանրաքվեի գաղափարն ընդհանրապես բանակցություններ է մտել որպես դեպքը փրկելու միջոց, այն իրականություն դառնալու հնարավորություն չուներ:
«Բոլորը մտածում են, որ այդ հանրաքվեն երբեք էլ չի լինելու, որովհետև հանրաքվեն մտցվել է երես փրկելու համար»:
Բանակցային գործընթացը դարձյալ հայտնվում է փակուղում
Ղարաբաղն այս ընթացքում բանակցություններին որպես կողմ ներգրավված չէր, անգամ երկար ժամանակ Մադրիդյան հիմնարար սկզբունքների մասին տեսակետ չէր հայտնում, պնդելով, որ պաշտոնապես չի ստացել փաստաթուղթը: Ստեփանակերտը Մադրիդյանին հստակ դեմ է արտահայտվում 2014 թվականի հուլիսի վերջին, երբ իրավիճակը շփման գծում աննախադեպ լարվում է:
Կազանից հետո՝ բանակցային գործընթացը դարձյալ հայտնվում է փակուղում, Ադրբեջանի արձագանքից պարզ է դառնում, որ անկախ կարգավիճակի հարցով հանրաքվեն Բաքուն բացառում է: թե հանրաքվե, ապա միայն Ադրբեջանի ողջ տարածքում և այնպիսի ձևակերպմամբ, որը չի հակասի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:
Կազանից հետո՝ 2011 -ից սկսած Ադրբեջանը կտրուկ ավելացնում է ռազմական ծախսերը՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկելով ռազմական բյուջեն և հասցնելով ավելի քան 3 միլիարդ դոլարի: Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտական ինստիտուտի տվյալներով՝ դրանից հետո հինգ տարի շարունակ Ադրբեջանն ունեցել է ավելի քան 3 միլիարդ դոլարի ռազմական բյուջե, որի մեծ մասը ծախսվում էր նոր զինատեսակներ ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու վրա:
Երբ հերթական անգամ բանակցությունները հայտնվում են փակուղում,
իրավիճակը սկսում է թեժանալ շփման գծում: 2014 թվականի օգոստոսի սկզբին 1994 թվականից ի վեր առաջին լուրջ բախումներն են գրանցվում, Արցախում խոցվում է հայկական ուղղաթիռ, իսկ դրանից երկու տարի անց էլ պայթում է արդեն ապրիլյան քառօրյա պատերազմը: