«Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակը Նյու Յորքում հարձակման է ենթարկվել

Գրող Սալման Ռուշդին Նյու Յորքում հանրային միջոցառման ժամանակ ենթարկվել է հարձակման։ Հասարակական կազմակերպություններից մեկի միջոցառմանը նա պատրաստվում էր հանդես գալ դասախոսությամբ, սակայն այդ պահին բեմ է ներխուժել մի մարդ ու դանակով հարվածել նրա պարանոցին։

Սալման Ռուշդին ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Հարձակվողը տեղում ձերբակալվել է։

Հնդիկ գրող Սալման Ռուշդին «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հեղինակն է, որտեղ որոշ մահմեդականների կարծիքով` Մուհամեդ մարգարեի կերպարը բացասական է ներկայացված։ Գիրքը լույս է տեսել 1988 թվականին։ Իրանի այն ժամանակվա հոգևոր առաջնորդ այաթոլա Խոմեյնին իր ֆաթվայով գրողին դատապարտել էր մահվան։ Իսլամական հիմնադրամներից մեկը նրա գլխի համար 3,3 միլիոն դոլար էր խոստացել։