Վերջին 14 օրերին Հայաստանում քովիդով վարակվածության 3500 դեպք է գրանցվել (օգոստոսի 11-ը ներառյալ)։ Նախորդ՝ 14 օրերի համեմատ այս թիվը գրեթե կրկնակի աճել է։
Այս պահի դրությամբ հոսպիտալացվածներից 9-ը գտնվում են ծանր վիճակումը, 3-ը՝ ծայրահեղ ծանր, 1 մարդ էլ շնչում է թոքերի արհեստական ապարատի օգնությամբ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը՝ գրաֆիկական պատկերներով է ներկայացնում համաճարակային վիճակը երկրում, ասում է, մտահոգված են:
«Գրաֆիկից տեսնում ենք, որ մեզ մոտ հոսպիտալացումները հուլիսի 25-ից հետո կտրուկ աճ է գրանցվել, զբաղված մահճակալների թվի աճը բավականին արտահայտիչ է, և վերակենդանացման բաժանմունքի հոսպիտալացումները կամ մահճակալների զբաղվածությունը էլի վերջին 14 օրվա ընթացքում: Սա մեզ համար շատ կարևոր ցուցանիշ է», - նշեց Գայանե Սահակյանը
Պատվաստումները Հայաստանում հիմնականում նախորդ տարի են մեծ թափով կատարվել։ Դրա մեկնարկից մինչև այսօր ավելի քան 2 միլիոն դեղաչափ պատվաստում է արվել, այսինքն՝ չափահաս բնակչության մոտ 45 տոկոսն է միայն երկրորդ դեղաչափը ստացել։ Այս տարի չափահաս բնակչության մոտ 14 տոկոսն է միայն ամբողջական պատվաստում ստացել, խթանիչ դեղաչափը՝ 3 տոկոսը։ Խոցելի խմբի՝ 65-ից բարձր քաղաքացիների ընդամենը 3.6 տոկոսն է բուսթեր պատվաստումը ստացել։
Գայանե Սահակյանն ասում է՝ հոսպիտալացվածների շարքում պատվաստված մարդիկ էլ կան, 6 ամիս առաջ են պատվաստվել. - «Հիմնականում մեր վերակենդանացման բաժանմունքներում հայտնվում են այն պատվաստված մարդիկ, ում պատվաստումից անցել է ավելի քան 9 ամիս: Շատ երկրներում այդ երկու դեղաչափի պատվաստման պահանջը առավելագույն ժամկետը հենց 270 օր է, 9 ամիս: Այսինքն՝ ապացուցված է, որ 9 ամսից հետո արդեն մարդու մոտ պաշտպանիչ առանձնահատկությունը լրիվ կորում է կամ շատ ցածր է, այդ պատճառով շատ երկրներում առաջարկվում է մի տեղ 6 ամիս, մի տեղ 3 ամիս մինիմալ ժամկետը, որ պետք է խթանիչ դեղաչափ կատարվի:
ՀՎԿԱԿ պաշտոնյան ասում է՝ երկու ամիս շարունակ վարակվածության նոր դեպքեր չեն արձանագրվել միայն պատվաստումների շնորհիվ, բայց դա, ըստ նրա, կտրուկ ազդել է պատվաստումների թվի նվազման վրա. մարդիկ կարծել են, թե քովիդը վերացել է։
Եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում օրական 20-25 հազար մարդ էր պատվաստվում, ապա այդ թիվն այս օրերին, Գայանե Սահակյանն ասաց, 500-600-ի է հասնում։ Սեպտեմբերի կեսերին մասնագետները քովիդի վարկվածության կտրուկ աճ են կանխատեսում՝ պայմանավորված արձակուրդների ավարտի և ուսումնական տարվա մեկնարկով։
Այս պահի տվյալներով՝ վարկվածները հիմնականում դեռահասներն են, պատանիներն ու մեծահասակները։ Քովիդով վարակված մոտ 200 երեխա՝ 0-2 տարիքային խմբում են:
«Աղուսյակում էլ հստակ երևում է, որ մեր հիվանդացությունը հիմնականում 18-29 տարիքային խմբում է ու ամենաբարձրը՝ 60 պլյուս տարիքային խմբում: Եթե վերլուծում ենք երեխաների ու երիտասարդների շրջանում հիվանդացությունը, գերակշիռ մեծամասնությունը 0-2 տարեկանների շրջանում է ու 21-23 տարիքային խմբում», - ասաց ՀՎԿԱԿ պաշտոնյան:
Ավելի ճշգրիտ կանխատեսումները կլինեն սեպտեմբերի կեսերին, երբ այս տարիքային խումբը կսկսի դասի գնալ։
Հոսպիտալացվածների 80 տոկոսից ավելին պատվաստված չէ նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Ավանի մասնաճյուղում։ Տնօրեն Դավիթ Խալաթյանի խոսքով՝ քովիդի համար ծավալված 134 մահճակալից 104-ը զբաղված է։ Տնօրենն իրենց կլինիկայի օրինակով է ասում՝ պատվաստվածներն ավելի թեթև են տանում։
«Ունենք նաև պատվաստվածներ, բայց ասիմպտոմ է ընթանում: Սրտային անբավարարությամբ հիվանդներ ունենք, տարբեր կլինիկաներից ուղեգրված, վիրահատված հիվանդներ ունենք, որոնք վիրահատվել են, հետո քովիդ է հայտնաբերվել, տեղափոխվել են այստեղ և այլն», - ներկայացրեց Խալաթյանը:
Ընդհանուր առմամբ Երևանում այս պահին 5 հիվանդանոց է վերապրոֆիլավորվել որպես քովիդ կենտրոն։ Պաշտոնական թվերով հուլիսի 25-ից մինչև օգոստոսի 7-ը՝ մահվան 4 դեպք է արձանագրվել:
Համաճարակաբաններն ասում են՝ Հայաստանը պատրաստվում է քովիդի 6-րդ ալիքին: