Ջրի հերթ՝ 21-րդ դարում. քաղաքացիները դժգոհ են ջրի համից, հոտից ու սպասարկման որակից

Մինչ «Վեոլիա ջուր»-ը ցանկանում է դարձյալ բարձրացնել խմելու ջրի սակագինը, Երևանում չի պակասում մատակարարումից ու որակից դժգոհ քաղաքացիների թիվը։

Էրեբունի վարչական շրջանի «Սառ ջուր» կոչվող ցայտաղբյուրի մոտ օրվա ցանկացած ժամի հերթ է։ Ամառվա տապին այս իրավիճակում հայտնված բնակիչները դժգոհում են՝ ծորակից հոսող ջուրը տհաճ հոտ ու համ ունի, չեն կարողանում խմել։ «Որակ կա՞, որ թանկացնելուց են խոսում», - հարցնում են աշխատանքից հետո աղբյուրի մոտ հերթ կանգնած քաղաքացիները:

«Համ որակ չկա, ջուր չկա, երկրորդն էլ ուզում ա բարձրացնի, ինչի՞ հաշվին: Թող որակ տա, նոր որակի հաշվին գին բարձրացնի», - ասաց քաղաքացիներից մեկը:

Հունվարին խմելու ջրի 1 խմ-ն 180-ից դարձավ 200 դրամ, հիմա էլ ֆրանսիական ընկերությունն առաջարկում է ևս 9 դրամով գինը բարձրացնել։ Ցայտաղբյուրի մոտ հավաքված քաղաքացիները տարակուսել են՝ 21-րդ դարում ջրի հերթ են կանգնում, բացի այդ խմելու ջուրը նաև խանութից գնում, սա՞ է քաղաքակրթությունը:

«Վեոլեա ջուրը» թանկացման հայտն այս շաբաթ ներկայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, այստեղից «Ազատությանը» փոխանցել են՝ չեն բացառում, որ գուցե կառավարությունը սուբսիդավորի «Վեոլիա ջրին», որպեսզի թանկացում տեղի չունենա։

Ողջ շաբաթվա ընթացքում կառավարությունից «Ազատությանը» չարձագանքեցին՝ քննարկո՞ւմ են սուբսիդավորման հարցը: Եթե հանձնաժողովը որոշի ուսումնասիրել «Վեոլիայի» հայտը, ապա սակագինը բարձրացնելու կամ գինը նույնը թողնելու որոշման համար 80 օր կունենա։ Իսկ «Վեոլիա ջրից» հրաժարվեցին հարցազրույց տալ, միայն գրավոր տեղեկացրին՝ խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման ծառայությունների սակագների վերանայումն ընկերության ցանկությունը չէ՝ օրենքի պահանջ է։

Ֆրանսիական այս ընկերության հաշվարկներով՝ ջրի հոսքի կորուստը նվազեցնելու, ջրի հաշվառումը հստակեցնելու և վաճառքի ծավալներն ավելացնելու շնորհիվ սակագինը պետք է 2 դրամով նվազեր, բայց համատարած գնաճի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով իրենք ևս պետք է սակագինը բարձրացնեն: Սակագնի վերանայման հաշվարկն էլ, ըստ «Վեոլիա ջրի», կատարվել է Հայաստանում գործող մեթոդաբանությամբ՝ թափանցիկ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Վեոլիա ջուրը» դարձյալ պահանջում է թանկացնել խմելու ջուրը Խմելու ջուրը հունվարի 1-ից կթանկանա մոտ 20 դրամով, սոցիալապես անապահովների համար սակագինը չի փոխվի

Նույնանման պատասխաններ «Վեոլիա ջրից» ստացել է նաև Երևանի Նոր Արեշ թաղամասի բնակիչ Վերոնիկա Հայրապետյանը։ Բայց նա անընդունելի է համարում ընկերության այս վարքագիծը, ընկերության ղեկավարներին հրավիրում է իր տուն՝ ծորակից ջուր խմելու ու սպասքի վրա ջրից մնացած սպիտակ հետքերը տեսնելու, որ հարցնի՝ ի՞նչ է, ինչպե՞ս կբացատրեն:

«Եթե լվանում ես, ընդամենը 2 րոպե հետո, վրան հետքեր են հայտնվում, ամբողջությամբ կիր ա: Ամբողջ թաղամասը շուրջ 4 ամիս ջուր չի խմում», - ներկայացրեց Հայրապետյանը:

«Վեոլիա ջրից» հայտնում են՝ ամռանը ջրի սպառումն ավելանում է, ստիպված են Արարատյան արտեզյան ավազանի ջուր մատակարարել Երևանի մի քանի վարչական շրջաններինը: Հերթ կանգնած երևանցիների համար անհասկանալի է՝ ինչպե՞ս է ցայտաղբյուրի ջուրը խմելու պիտանի, իսկ մի քանի քայլ այն կողմ գտնվող իրենց տներում՝ հակառակը։ Այդ ջուրն, ըստ ընկերության, գուցե իր որակով տարբերվում է այն ջրից, որը մինչև այսօր խմել են դժգոհ բաժանորդները, բայց խմելու պիտանի է։ Բնակիչները նաև նշում են՝ աղիքային ու մարսողական խնդիրներ են ունենում այդ ջրից հետո։

Առողջապահության նախարարությունից, սակայն, մեզ փոխանցեցին՝ ջուրը ստուգել են, շեղումներ չկան, ջրից թունավորման շղթայական դեպքեր էլ չեն արձանագրվել։ Բայց մեր զրուցակիցներն իրենց գլխի եկածն են պատմում՝ մեծից-փոքր:

«Բոլոր երեխաների մոտ հունիս ամսին, մեր ամբողջ փողոցում, իմ ազգականների մոտ, իմ ընկերների երեխաների մոտ, մեծահասակների մոտ նույնպես, եթե մենք ասենք՝ երեխաների մոտ փորլուծություն ա, մենք պետք ա դիմենք նախարարություն, չէ, մենք մեր դեղորայքը գնում ենք, դա բոլորի մոտ համատարած էդպես ա», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Ջրի խնդիրը 1-2 ամսից կկարգավորվի՝ այսպես են պատասխանել քաղաքացիներին «Վեոլիա ջրից»։

Բնակիչները հիշում են՝ հեղափոխությունից հետո, իշխանությունները հայտարարել էին, որ ջուրն առնվազն մինչև 2025 թվականը չի թանկանա, նույնիսկ վարչապետից են այդ խոստումները լսել: «Դեռ 2022-ն է»,-հիշեցնում են նրանք ու հարցնում՝ կառավարությունը կամ որևէ մեկն այս երկրում ստուգո՞ւմ է՝ ֆրանսիական ընկերությունն արդյո՞ք պատշաճ է կատարում իր պարտականությունները, որ պարբերաբար ջուրը թանկացնելու հայտ է ներկայացնում։