Անկանխիկ վճարումների հետ կապված խնդիրները չեն պակասում. ըստ փորձագետների` պետությունը պատրաստ չէր

Անկանխիկ գործարքների մասին օրենքի ուժի մեջ մտնելուց դեռ դեռ երկու ամիս էլ չի անցել, բայց նույնիսկ օրենքն ընդունած իշխանություններն են խոստովանում, որ բազմաթիվ խնդիրներ կան։ Տնտեսվարողները մանրամասնում են՝ տեխնիկական խնդիրները դեռ լուծված չեն, փորձագետներն էլ հավելում՝ պետությունը պատրաստ չէր։

Բոլորն առաջին հերթին մատնանշում են հիվանդանոցներում անկանխիկ վճարումների հետ կապված խնդիրները: Քաղաքացիները դրանք ավելորդ գլխացավանք են համարում. «Անկանխիկով շատ դժվար է, չգիտեմ, փոխանակ հեշտացնեն, ավելի բարդացնում են, օրենքներ են հորինում, դժվար է»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործարքների անկանխիկ տարբերակին անցնելուց առաջ, ըստ տնտեսվարողների, տեխնիկական խնդիրներն էր պետք լուծել

Կանխիկ գումարի կիրառումը կրճատելու ու արդյունքում ստվերային դրամաշրջանառությունը նվազեցնելու նպատակով օրենսդրական այս նախաձեռնությունն ուժի մեջ մտավ հուլիսի մեկին։ Այդ օրվանից 300 հազար դրամը գերազանցող բոլոր տեսակի գործարքները պարտադիր անկանխիկ եղանակով պետք է իրականացվեն։ Բացի այդ, մայրաքաղաքում անկախ գումարի չափից անկանխիկ պետք է լինեն նաև բժշկական բոլոր ծառայությունների դիմաց վճարումները, աշխատավարձերն ու ուսման վարձերը:

«Մարդուն պետք է վիրահատեն առավոտյան, հանգամանքների բերումով, դժբախտաբար, մարդը մահանում է, բուժհաստատության մոտքի մոտ դրած Թելսելի ապառատով գումարոը վճարած են լինում, հաջորդ օրը պետք է վիրահատություն անեին, վճարումը կատարել են: Մարդը մահանում է, վիրահատությունը չի կատարվում, էդ գումարը ո՞նց են հետ տալո՞ւ: Շատ պարզ բան` մարդը քարտ չունի», - ասում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը:

Հիվանդանոցներում խնդրահարույց է, օրինակ, ծառայությունների դիմաց վճարված գումարի վերադարձը, գանձնվող միջնորդավճարների հարցն էլ կա, նկատում է նա։ Օրենքի կիրառմանն առնչվող դժվարություններին քաջատեղյակ Թադևոսյանը խնդիրները երկու մեծ խմբի է բաժանում. «Մեկը ֆինանսական բեռի առումով հարկ վճարողների համար, մյուսը` այն չպարզաբանված հարցերի, խնդրահարույց հարցերի, որ օդի մեջ կախված են, մարդիկ չգիտեն` իրենց գործողություններն ինչպես կարգավորեն կամ դասավորեն: Այս ամեն ինչից մարդը 3, 4, 5 տոկոս գումար է աշխատում` փոքր բակային խանութները, 4 տոկոս բանկը գումար է տանում անկանխիկից, հիմա նորմա՞լ է, թե՞ նորմալ չի: Մենք ի՞նչ ենք ուզում անենք, ուզում ենք սատկացնել փոքր ու միջինին, թե՞ ինչ անենք էլի»:

Օրենքով բոլոր խանութները անկախ գտնվելու վայրից պետք է անկանխիկ՝ քարտով վճարում ընդունելու հնարավորություն ունենային։ Եթե Երևանում քարտով վճարումները մեծամասամբ հասանելի են, ապա մայրաքաղաքից դուրս՝ գյուղերում գուցե մեկ այդպիսի խանութ գտնել հնարավոր չլինի, բազմաթիվ համայնքներում անգամ բանկոմատներ չկան, որպեսզի մարդիկ գումար կանխիկացնեն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօրվանից 300 հազար դրամը գերազանցող գործարքները կիրականացվեն անկանխիկ, ըստ ԿԲ նախկին նախագահի, «վատ բան այստեղ չկա»

Կոտայքի մարզի ավելի քան 1600 բնակիչ ունեցող Զորավան գյուղի մթերային խանութներից ոչ մեկը քարտով վճարում չէր ընդունում։ Տեխնիկական հարցեր կան, ասում էին տնտեսվարողները. «Շատերն ասում են` կարո՞ղ ենք քարտով առևտուր անել, ասում եմ` ակտիվացրած չի, ո՞նց կարող եք»:

Շուրջ երկու ամիս առաջ Կենտրոնական բանկից վստահեցնում էին՝ ամբողջ ֆինանսական համակարգը զբաղվում է տեխնիկական հարցերը լուծելու համար։ Այս խնդիրները, սակայն, փաստացի դեռ կարգավորված չեն։

Այդ ժամանակ գլխավոր դրամատնից հայտնել էին՝ օրենքի կիրառման առաջին շրջանում խսիտ վարչարարություն չեն իրականացնի՝ հաշվի առնելով, որ դեռ ոչ բոլորն են տեխնիկապես պատրաստ, թեև օրենքին չհետևելու համար 100 հազար դրամի տուգանք է նախատեսված։

Տնտեսվարողներն այս ընթացքում պնդում էին՝ պետությունը նախ տեխնիկական ապահովության հարցը պետք է լուծեր, ապա նոր օրենք ընդուներ։ Խնդիրների մասին հիմա հենց իրենք՝ օրենսդիրներն են խոսում։

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց՝ տնտեսվարողների ու սպառողների շրջանում բազմաթիվ մտահոգություններ կան՝ գրելով. «Գաղտնիք չէ, որ պրակտիկորեն անհնար է ի սկզբանե ընդունել անթերի օրենքներ: Որքան էլ նոր կարգավորումները նախապես քննարկվեն, դրանց հետ կապված ռիսկերի և խնդիրների մի զգալի մասը ի հայտ է գալիս դրանց գործարկման ընթացքում»:

«Ազատության» հետ զրույցում պատգամավորը մանրամասներ չցանկացավ հայտնել, ասաց` առայժմ կսպասեն քաղաքացիների դիտողություններին ու առաջարկներին, հետո նոր միայն ավելի մանրամասն կներկայացնեն խնդիրները ու կքննարկեն կառավարության հետ։

«Ազատությունը Կենտրոնական բանկ հարցում է ուղարկել` պարզելու՝ օրենքի կիրառումից ի վեր ամբողջ Հայաստանում որքան են ավելացել անկանխիկ գործարքները, և դեռ որքան ժամանակ կպահանջվի դեռ չլուծված խնդիրները կարգավորելու համար։ Պատասխան առայժմ չկա:

Անցած տարվա տվյալներով՝ անկանխիկի շրջանառությունը Հայաստանում կազմել է ողջ շրջանառության գրեթե մեկ քառորդը կամ մոտ 3 տրիլիոն դրամ։