Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Արևմուտքին կոչ է արել շարունակել Ուկրաինային զենք և ֆինանսական միջոցներ տրամադրելու և միջուկային ահաբեկչություն իրականացնող Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու քաղաքականությունը:
Նա հայտարարել է, թե ռուսները պատանդ են դարձրել Զապորոժիեի ատոմակայանը: Նրա խոսքով, Չերնոբիլի աղետից հետո Ուկրաինան միջոցներ է ձեռնարել ատոմակայանների անվտանգությունը երաշխավորելու համար:
Տարիներ շարունակ Եվրոպայում ոչ ոք չի մտածել, թե նորից կառաջանա միջուկային աղետի սպառնալիք, բայց հիմա այն կա, որովհետև Ռուսաստանը, Զելենսկու փոխանցմամբ, ահաբեկչական գործողություններ է կատարում:
«Մեմք համոզված ենք, որ ռուսների արձակած թևավոր հրթիռների հետագիծը պատահական չի անցնում ուկրաինական ատոմակայանների վրայով: Դա ռուսական միջուկային ահաբեկչության վկայությունն է: Ռուսաստանը վերածվել է ահաբեկչական պետության և ատոմակայանները պատանդ դարձրել ու միջուկային աղետի վտանգով շանտաժի է ենթարկում բոլորին»,- ասել է Զելենսկին:
Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց են մեղադրում Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ կրակ բացելու համար:
Զելենսկին առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի ողջ միջուկային արդյունաբերության, այդ թվում` «Ռոսատոմ» ընկերության նկատմամբ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ցանկացած տեսակի մարտական գործողություններ Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում: Այդ ատոմակայանն ամենախոշորն է Եվրոպայում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական կողմը հայտարարում է՝ ռազմական գործողություններն անհրաժեշտ է ավարտել մինչև ձմեռ