Թբիլիսիի քաղաքապետ, «Վրաստանի Երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն այսօր ասել է, որ Վրաստանը չի միանում Ռուսաստանի դեմ պատերազմին և ողջունում է ռուսաստանցի զբոսաշրջիկներին:
«Մենք բազմիցս ենք ասել, որ այստեղ «երկրորդ ճակատ» չի բացվի, Վրաստանը չի միանա սանկցիաներին, դա շատ կարևոր է: Մենք ողջունում ենք ժամանող զբոսաշրջիկներին», - ասել է Կալաձեն:
Այդ հայտարարությամբ նա արձագանքել է վերջերս Վրաստանում համացանցում տարածված տեղեկություններին այն մասին, որ Թբիլիսիում մեքենաների սպասարկման կետերում վերանորոգվում են ռուսական պետական համարանիշներով «Կամազ» տեսակի բեռնատարներ:
Կալաձեն ասել է, թե այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և միաժամանակ ավելացրել է, թե ինքը բնավ դեմ չէ, որ մայրաքաղաքում երթևեկեն ռուսական համարներով մեքենաներ:
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ իր երկիրը չի միանա հակառուսական պատժամիջոցներին, քամի որ դա կհակասի ազգային շահերին:
Վարչապետի այդ դիրքորոշումը լարվածություն է առաջացրել վրաց-ուկրաինական հարաբերություններում: Ղարիբաշվիլիին քննադատել են նաև Վրաստանի ընդդիմության լիդերները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրացական ընդդիմությունը պահանջում է ռուսների համար վիզային ռեժիմ սահմանել. իշխանությունը համաձայն չէ