Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր Բեռլինում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացող արյունալի պատերազմի համար պատասխանատվություն են կրում ոչ թե Ռուսաստանի շարքային քաղաքացիներն, այլ պետության ղեկավարությունը և, մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա դատապարտել է Ուկրաինայում պատերազմի հանցագործությունները, սակայն չի արձագանքել այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի նախագահը պետք է պատասխանատվություն կրի և դատարանի առաջ կանգնի դրանց համար:
DPA լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով բոլոր ռուսաստանցիների համար մուտքի վիզաների տրամադրումն արգելելու կոչերին, կանցլերն ասել է, որ չի պատկերացնում դրա իրագործումը:
«Եթե սանկցիաներն ուղղվեն բոլորի, այդ թվում անմեղների նկատմամբ, դա կթուլացնի դրանց արդյունավետությունը»,- նշել է Գերմանիայի կանցլերը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը մտադիր է շարունակել սանկցիոն ճնշումը Ռուսաստանի վրա, և Գերմանիան, իր հերթին, կշարունակի օգնել Ուկրաինային զենքով ու ֆինանսներով:
«Մենք պատրաստվել ենք այն իրողությանը, որ պատերազմը կազդի ամբողջ աշխարհի վրա, իհարկե, այդ թվում՝ Եվրոպայի ու մեր երկրի վրա»,- ասել է Օլաֆ Շոլցը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքին կոչ է արել ընդհանրապես չտրամադրել վիզաներ ռուսներին:
Եվրամիության մի շարք երկրների ղեկավարներ առաջարկել են այդպիսի որոշում ընդունել Շենգենի գոտում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին Արևմտյան երկրներից պահանջում է արգելել «բոլոր ռուսների» մուտքն իրենց տարածք