Լատվիայի խորհրդարանը՝ Սեյմը Ռուսաստանը ճանաչեց ահաբեկչությունը հովանավորող պետություն: Հայտարարությունն ընդունվել է խորհրդարանի այսօրվա նիստում:
Հայտարարության տեքստում ասվում է, որ «Ռուսաստանը նպատակաուղղված թիրախավորում է Ուկրաինայի տարածքում ապրող խաղաղ բնակիչներին»:
Սեյմի հայտարարության նախագիծն ընդունվել է 67 կողմ քվեներով, չի քվեարկել 16 պատգամավոր:
Լատվիայի օրենսդիրները Եվրոպական միությանը կոչ են անում անհապաղ դադարեցնել թե՛ մուտքի վիզաների և թե՛ տուրիստական վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին: Լատվիան, իր կողմից, այդ որոշումը կիրառում է արդեն այս ամսվա սկզբից:
Հայտարարության տեքստում Ուկրաինայում խաղաղ բնակչության նկատմամբ Ռուսաստանի գործողությունները որակվում են որպես «նպատակաուղղված ցեղասպանություն»:
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Լատվիայի Սեյմի ընդունած այդ «միանշանակ անհիմն որոշումը հիմնված է կենդանական այլատյացության վրա»:
Ռուսաստանը մերժում է Ուկրաինայում խաղաղ բնակիչներին միտումնավոր հարվածներ հասցնելու մեղադրանքը և պնդում է, որ ռուսական ուժերի թիրախը միայն Ուկրաինայի ռազմական կառույցներն են:
ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 5 հազար100 խաղաղ բնակիչ:
Ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ կլինի, քանի որ ՄԱԿ-ը հաշվի է առնում միայն փաստաթղթերով վավերացված մահվան դեպքերը: