Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին դիմավորեցին ծափողջույններով 

«Զվարթնոց» օդանավակայանում ծափողջույններով դիմավորեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականին, որը Հնդկաստանի Չենայ քաղաքում նախորդ երկու շաբաթներին կայացած շախմատի 44-րդ օլիմպիադայում 188 երկրների շարքում նվաճեց երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Ուզբեկստանի ներկայացուցիչներին։

Թիմի մարզիչ Արման Փաշիկյանը հայ շախմատիստների խաղը «շատ լավ» գնահատեց։

«Նախկինում դժվարանում եմ դեպք հիշել, որ այսքան միավոր հավաքելով թիմը գրավի երկրորդ տեղ: Նույնիսկ եղել են դեպքեր որ ավելի քիչ միավորով դարձել են օլիմպիական չեմպիոն թիմները, իսկ այս տարի մրցակցությունը շատ մեծ էր, կարելի է ասել, երեք թիմերի մեջ էր ընթանում: Մենք նույիսկ շատ ուրախություն էլ չապրեցինք, որովհետև լարվածությունից ափսոսանք եկավ, որ ինչու չեմպիոն չդարձանք», - ասաց Փաշիկյանը:

Հավաքականի անդամ Մանուել Պետրոսյանը, ով այս հունվարին նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ասաց, թե ձգտում էին առավելագույնի։

«Դե խաղի ընթացքում ամեն ինչ մոտիվանցում է, երբ դու խաղում ես թիմից, պետք է հետևես բոլոր պարտիաներին, պետք է և՛ քո պարտիայի ուշադիր լինես, և՛ կողքի պարտիաներին: Ամեն մի որոշումդ շատ կարևոր կարող է լինել», - նշեց Պետրոսյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը նույնպես օդանավակայանում էր՝ դիմավորելու հավաքականին։ Ասաց՝ շախմատի Հայաստանի թիմը տասը տարի նման լուրջ հաջողություն չէր ունեցել, երբ 2012թ. Ստամբուլում կայացած օլիմպիադայում նվաճեց առաջին հորիզոնականը։

«Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ սա վերջին տարիների հայկական սպորտի ամենավառ սենսացիան էր ու անակնկալը: Լինելով լավատես մարդ, աշխարհի ամենալավատեսներից մեկը, ես, անկեղծորեն, մտածում էի, որ եթե մենք հնգյակ մտնենք շատ լավ կլինի, դա շատ լուրջ արդյունք էի համարում, բայց տղաներն ապացուցեցին, որ թիմում հեչ պարտադիր չէ շատ վառ աստղի առկայությունը», - ընդգծեց Գիլոյանը:

Աշխարհի կրկնակի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով շախմատի Հայաստանի հավաքականի կազմում երեք օլիմպիադաներում նվաճել է ոսկե մեդալներ, անցած տարի հայտարարեց Հայաստանից հեռանալու և ԱՄՆ հավաքականում հանդես գալու մասին։ Չենայում Միացյալ Նահանգների հավաքականը հինգերորդն էր։

Շախմատի համաշխարհային օլիմպիադաների ողջ պատմության ընթացքում միայն Խորհրդային Միության, Ռուսաստանի, ԱՄՆ, Հունգարիայի ու Հայաստանի հավաքականներն են, որ երեք ու ավելի անգամ նվաճել են առաջին հորիզոնականները։

Օդանավակայանում էր նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը։ Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 18 տարի է ղեկավարում է այն։

«Փայլուն արդյունք է, ուղղակի մի փոքր ուղղում՝ կիսեց առաջին, երկրորդ տեղերը, էական հանգամանք է: Կարծում եմ, որ տղաներն իրոք շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը», - ասաց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը հրաժարվեց խոսել Հայաստանի անվտանգային խնդիրներից

Սարգսյանը հրաժարվեց կարծիք հայտնել այսօր Հայաստանի, Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրների մասին. - ​«Մենք պայմանավորվեցինք միայն շախմատի մասին, դրա համար ուղղակի հիշեցնեմ, որ 3, թե 4 օր առաջ մեր կուսակցությունը հայտարարություն էր տարածել, այնտեղ ամեն ինչը գրված է»​:

Արցախում նախորդ շաբաթվա ռազմական բախումներից հետո Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցությունը իշխանությունների հռչակած «խաղաղության դարաշրջանը» «մանիպուլատիվ փուչիկ» որակեց։