Չինաստանի բանակն այսօր հայտարարել է Թայվանի մերձակայքում զորավարժությունների հաջող ավարտի մասին։
«Ժողովրդաազատագրական բանակը բարեհաջող կերպով ավարտել է զորավարժությունները՝ արդյունավետորեն ստուգելով մի շարք զորատեսակների ռազմական ներուժը», - այսօր հայտարարել է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի արևելյան հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Շի Ին։
Բարձրաստիճան սպան հավելել է, որ չինական բանակը հետագայում ևս շարունակելու է հետևել Թայվանի նեղուցում ստեղծված իրավիճակին` «պարբերաբար զորավարժություններ անցկացնելով զորքերի մարտունակության աստիճանը բարձրացնելու համար»։
Թայվանի շուրջ չինական լայնածավալ զորավարժությունները մեկնարկել էին անցած շաբաթ՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցին ի պատասխան։