Խմելու ջրի թանկացումից ընդամենը ութ ամիս անց «Վեոլիա ջուրը» դարձյալ պահանջում է բարձրացնել սակագինը։ Ընկերությունը թանկացման հայտն արդեն ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
«Վեոլիա ջուրն» առաջարկում է մեկ խորանարդ մետր ջրի գինը սահմանել 209 դրամ՝ գործող 200 դրամի փոխարեն՝ պատճառաբանելով գնաճը, թե այս տարվա առաջին վեց ամիսներին ապրանքներն ու ծառայությունները Հայաստանում թանկացել են 8.3 տոկոսով։
Հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, թե ըստ կարգի, 80 աշխատանքային օրվա ընթացքում են որոշում կայացնելու, որից հետո այն ուժի մեջ կմտնի երեսուն օր անց։ Պաշտոնյան չբացառեց, որ ջրի թանկացում թույլ չտալու համար կառավարությունը սուբսիդավորի «Վեոլիա ջրին»։
«Քննարկումներ պետք է ընթանան նաև կառավարության հետ՝ այս արձանագրված գնաճի բարձր ցուցանիշը մեղմելու նպատակով համապատասխան փոխհատուցման մեխանիզմներ գտնելու հարցում», - ասաց Ուլիխանյանը:
Շուտով կլրանա 20 տարին, ինչ ֆրանսիական ընկերությունը գործում է Հայաստանում՝ 2005-ից ստանձնելով «Երևան ջրի» հավատարմագրային կառավարումը, իսկ 2017 թվականից՝ 15 տարով «Վեոլիա ջրին» վարձակալության հանձնվեց ողջ հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը։ Մինչև ժամկետի ավարտ ընկերությունը պարտավորվել է կրճատել ջրի կորուստները, որոնք, ըստ հանձնաժողովի, մոտ 80 տոկոս էին 5.5 տարի առաջ, այժմ՝ շուրջ 70տոկոս: «Վեոլիա ջուրը» պետք է առնվազն 37.5 միլիարդ դրամի կապիտալ նորոգման աշխատանքներ կատարեր։
Թե իրականում ի՞նչ վիճակում է ջրամատակարարման ցանցը, կարելի է դատել շաբաթը մի քանի անգամ «Վեոլիա ջրից» ստացվող հաղորդագրություններից՝ այս կամ այն բնակավայրում վթարային ջրանջատման մասին։ Օրինակ, Գորիսի և հարակից սահմանամերձ գյուղերի պարագայում ջրի խնդիրը այն աստիճան սրվեց, որ շաբաթներ առաջ անգամ օմբուդսմենը հայտարարություն տարածեց, թե երկրորդ տարին է այնտեղ խմելու ջուրը մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։
«Ջուր չկա, եր էրեխեքը լողանան, մեծ էրեխեք են, անչափահաս են ճիշտ ա, բայց մեծ են. գնում են դաշտ խոտ են բերում, ցորենն են բերում, կեղտոտ մտնում տեղերը, չի ստացվում», - ասաց Տեղ գյուղի բնակիչ Սոսիկ Ղավալբաբունցը:
Թե այս ամենի ֆոնին ինչ են մտածում ֆրանսիական ընկերությունում խմելու ջրի պարբերական թանկացումների մասին, առայժմ հնարավոր չէ հասկանալ։ Սպասում ենք արձագանքի։
Փոխարենը, հայտնի է Հայաստանի իշխանությունների մոտեցումը. 2018թ. նոյեմբերին՝ խորհրդանական ընտրություններից առաջ, երբ յուրաքանչյուր քվե կարևոր էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ խոստացավ. «Մինչև 2024 թվականը, Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»:
Բայց արդեն անցած տարվա դեկտեմբերին՝ մեկ ամիս անց ինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց 20 դրամով թանկացնել խմելու ջրի յուրաքանչյուր խորանարդ մետրը՝ այն դարձնելով 200 դրամ, վարչապետն այլևս այլ կարծիքի էր։
«Այո, մենք կարող ենք պահել 2024-ը մինչև՝ ջրի գինը չբարձրանա, բայց 2024-ին էնքան բարձրանա, որ համաչափության խնդիր ունենա, ֆորմալ առումով մինչև 24-ը գինը չբարձրանա, բայց 24-ը եկավ, 24-ի հունվարի 1-ից գինը էնքան ա բարձրանում, որ շատ մեծ տարբերություն ա տալիս», - ընդգծեց վարչապետը:
Փաշինյանի իշխանության գալուց շատ չանցած՝ 2018թ. օգոստոսին ոստիկանությունը մի հաղորդագրություն տարածեց, թե «Վեոլիա ջրի» տնօրեն Կրիստիան Լըֆեն ինչպես է կաշառել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Նազարյանին ու հանձնաժողովի ևս յոթ պաշտոնյաների՝ 2017-2018թթ. նրանց համար գնելով Երևան-Փարիզ-Երևան ավիատոմսեր ու հոգալով հյուրանոցային ծախսերը, որպեսզի պետական մարմինը թանկացնի խմելու ջուրը 11 դրամով։
Ֆրանսիական ընկերությունը հայտարարեց՝ չի ընդունում մեղադրանքը։ Թե չորս տարի անց, ի վերջո, ուր հասավ քրեական այս գործի քննությունը, Հակակոռուպցիոն կոմիտեից այսօր խոստացան պատասխանել ավելի ուշ։