Էրդողանը խստորեն դատապարտել է Իսրայելի հարվածները Գազայի հատվածին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Իսրայելի ռազմական հարվածները պաղեստինյան թիրախներին: Իսրայելը և Պաղեստինի իսլամական «Ջիհադ» կառույցը երեկ երեկոյան հրադադար են կնքել: Այն արդեն մտել է ուժի մեջ:

«Մեր քաղաքականությունն Իսրայելի անվտանգության ուժերի կողմից վերջին օրերին Գազային հասցված հարվածների վերաբերյալ շատ հստակ է: Ոչ մի ներում չի կարող լինել երեխաներին, նորածիններին օրորոցներում սպանողների համար: Թուրքիան Պաղեստինի ժողովրդի և Գազայում նրանց եղբայրների հետ է»,- ասել է Էրդողանը:

Գազայի հատվածի տեղական իշխանությունների փոխանցմամբ, իսրայելցիների արձակած հրթիռներից զոհվել է 44 պաղեստինցի, նրանց կեսը խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: Ավելի քան 300 պաղեստինցիներ վիրավորվել են:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, թե աջակցում է խաղաղ բնակիչների զոհվելու կապակցությամբ հետաքննություն անցկացնելու գաղափարը: