Նախկին բանտարկյալ 40-ամյա Բաբկեն Ղարդյանն ասում է՝ բանտից դուրս գալուց հետո ամենադժվարը հասարակությունում վերաինտեգրվելն էր՝ մարդիկ կասկածանքով էին նայում, երբ իմանում էին, որ իրենց դիմաց նախկինում դատապարտված անձ է։ Սա հաճախ էր պատահում բանկերում, հաշվառման կենտրոններում, որտեղ տվյալները թափանցիկ են:
«Ամեն տեղ քեզ հիշեցնում են, որ դու նախկին դատապարտյալ ես, ում մոտ որ թղթաբանությամբ կամ ինչ-որ ծրագրում երևում է, որ նայում են հասցեն քրեակատարողական հիմնարկ է տալիս, մինչև փոխվելը, հաշվառվելը և այն», - պատմեց Բաբկեն Ղարդյանը:
Նույն խնդիրները շարունակվում են նաև աշխատանքի ընդունվելու հարցում, գործատուները դժվարությամբ են վստահում դատապարտված մարդկանց։ Ղարդյանը սեփական փորձը աչքի առաջ ունենալով հասարակական կազմակերպություն է հիմնել՝ փորձելով նպաստել նախկին բանտարկյալների վերաինտեգրմանը, բայց կարծում է, որ դա բավարար չէ, այստեղ առաջին հերթին պետությունը պետք է միջամտի։
«Ես գտնում եմ, որ պետությունը պետք է առաջնահերթ հոգեբանական օգնություն ցուցաբերի հենց ազատվելուց հետո, որպեսզի հոգեպես տրամադրեն հասարակությանն ինտեգրվելուն», - ասաց նա:
Բանտարկյալների վերաինտերգրմամբ զբաղվում է 2016-ից գործող Պրոբացիայի ծառայությունը։ Այստեղ պատիժը կրած կամ դեռ կրող մարդկանց համար մասնագիտական դասընթացներ են անցկացնում, հոգեբանական, իրավաբանական աջակցություն տրամադրում, օգնում աշխատանք գտնելու հարցում։ Ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի տեղակալ Սիրարփի Մուղդուսյանն ընդունում է, որ իրենց շահառուների համար հատկապես բարդ է աշխատանք գտնելը։
«Էս դեպքում ես կուզենայի, որ մի քիչ նաև օրենսդրական փոփոխություններ, պետական մոտեցումն այլ լինի, ասենք, իրենց աշխատանքի ընդունվելու հետ կապված, օրինակ, ինչ-որ հարկային նվազում լինի, որ մի քիչ շահագրգռված լինեն մեր գործատուներն իրենց էլ աշխատանքի ընդունել», - ընդգծեց Մուղդուսյանը:
Երեք տարի առաջ Կառավարությունը հաստատել է նախկին բանտարկյալների զբաղվածության 2019-2023 թվականների ռազմավարական ծրագիրը։ Պրոբացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ 2020 թվականին իրենց 49 շահառու է ընդունվել աշխատանքի, 21-ին՝ 57, այս տարվա առաջին կիսամյակում՝ 19։ Իսկ շահառուների թիվը մոտ 3000 է։
Բանտարկյալների վերաինտեգրման պետական ծառայությունում չեն թաքցնում, որ իրենց միջոցները սահմանափակ են. - «Մեր հիմնական վերասոցիալականացումը մենք կատարում ենք հասարակական, միջազգային, պետական այլ կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով»:
Բանտարկյալների խնդիրներով զբաղվող «Իրավական նախաձեռնությունների» կենտրոնի տնօրեն Նարե Հովհաննիսյանն ասում է՝ խնդիրները շատ խորն են, մեկ-երկու օրենք փոխելով ու մի քանի ծրագրեր իրականացնելով հասարակության կարծրատիպերը դժվար թե կոտրվեն:
«Բավականին աշխատանք պետք է տարվի հասարակության մեջ, որպեսզի հասարակությունը փոխի իր վերաբերմունքը դատապարտյալների նկատմամբ, որովհետև գիտենք՝ բավականին թիրախավորված խումբ է, կա կոնկրետ վերաբերմունք, բավականին կարծրատիպային ու խտրական, ինչը նրանց նաև ազատության մեջ հայտնվելուց հետո մեկուսացնում է ու նաև գործատուների հետ պետք է աշխատել», - նշեց Հովհաննիսյանը:
Իրենք՝ նախկին բանտարկյալները հիմնականում խուսափում են խոսել իրենց խնդիրներից՝ առաջին հերթին պատճառաբանելով հասարակության խտրական վերաբերմունքը։
Մինչ իրավապաշտպանները նկատում են, որ նաև խտրական վերաբերմունքի պատճառով են նախկին դատապարտյալները հաճախ կրկին հանցագործություն կատարում, Պրոբացիայի ծառայության պաշտոնյան ասում է, թե կրկնահանցագործությունների թիվը դանդաղորեն նվազում է. այս տարի այն կազմել է 0,7 տոկոս:
Բանտում 4 տարի անցկացրած Բաբկեն Ղարդյանն նշում է՝ եթե ոմանք կարողանում են պայքարել, կամքի ուժ դրսևորել, նախկին բանտարկյալներից շատերը երբեմն հոգնում են և նախընտրում վերադառնալ կալանավայր։
Հեղինակ՝ Նելլի Եղիազարյան