Այսօր, Ռուսաստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին Ռեջեփ Էրդողանը օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Ղարաբաղում ստեղծված լարվածությանը։
Նա կրկնել է իր դիրքորոշումը, ասելով, թե «Ղարաբաղը գտնվում է Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։ Այս մասին հաղորդում է «Դեյլի Սաբահը»։
Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան կնպաստի Սևծովյան տարածաշրջանի խաղաղությանը։ Նա հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը նա հնարավոր է համարել, «եթե կողմերը զգայուն մոտենան տրված խոստումներին»։
Պնդելով, թե Սիրիայում դեռ ահաբեկչական խմբավորումներ կան, Էրդողանն ասել է, որ այդ խնդրի հետ կապված խնդրել է Ռուսաստանի աջակցությունը։
«Ռուսաստանի նախագահ Պուտինը արդար մոտեցում է պահպանում Թուրքիայի հանդեպ։ Նա միշտ մեզ հետ կլինի ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նախօրեին Սոչիում ավելի քան չորս ժամ բանակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։