Սոչիում Պուտինը ընդունել է նաև Կադիրովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ կայացած բանակցություններից հետո ընդունել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ աշխատանքային հանդիպմանը քննարկվել են Չեչնիայի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը։

Ավելի վաղ Կադիրովը հայտնել էր, որ մինչ ընթանում էր Պուտին-Էրդողան հանդիպումը, Սոչիում ինքը ծանոթացել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի և ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ։ Զրուցակիցները միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել Թուրքիայի և Չեչնիայի միջև։ Կադիրովը նաև հայտնել է, որ ընդունել է Թուրքիա այցելելու հրավերը։