Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում տիրող լարված իրավիճակը:
Նիկոլ Փաշինյանը, ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության, մտահոգություն է հնչեցրել Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից շեղվելու առնչությամբ և վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության և կայունության վերաբերյալ:
Պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել լարվածության առնչությամբ և պատրաստակամություն հայտնել աջակցելու իրավիճակի կայունացմանը:
Շփման գծում իրավիճակը լարված է օգոստոսի 1-ից։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: Այսօր առավոտյան Պաշտպանության բանակը հաղորդեց, որ ժամը 09:00-ի դրությամբ շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է՝ նշելով՝ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։