Բաքուն բողոք է ներկայացրել Բրիտանիային` դեսպանատան շենքը գրավելու միջադեպի հետ կապված

Ադրբեջանում Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բաքվում կանչվել է Արտգործնախարարություն, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել կրոնական արմատական խմբավորման կողմից Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան վրա հինգշաբթի կատարված հարձակման կապակցությամբ: Այսօր հաղորդել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։

Արտգործնախարարությունում նշել են, որ այդ սադրանքը դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության հետ կապված խնդիրներ է բարձրացնում՝ ընդունող երկիրը պետք է անվտանգության միջոցներ ձեռնարկի իր միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան։

Բաքուն Լոնդոնից երաշխիքներ է պահանջել, որ նման միջադեպեր այլևս չեն կրկնվի, ինչպես նաև Բրիտանիայի համապատասխան մարմիններին կոչ է արվել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ու պատժել մեղավորներին։

Բրիտանացի դիվանագետը միջադեպի կապակցությամբ խորը ափսոսանք է հայտնել։

Այսօր հայտարարությամբ հանդես է եկել նաև Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանությունը։ Դատապարտելով դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը` դեսպանությունը հայտնել է, որ ներկա պահին բազմակողմանի հետաքննություն է իրականացնում, տեղեկացնում է, որ բրիտանական ոստիկանությունը դեսպանատան աշխատակիցներին տարհանել էր անվտանգ վայր, այնուհետև ցրել հարձակվողներին` ձերբակալելով ութ մարդու։ Տուժածներ չկան։

Լոնդոնում միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը` տեղական ժամանակով 16։30-ի սահմաններում։ Լոնդոնում գործող «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական խմբավորման անդամները անզեն հարձակվել էին դեսպանատան շենքի վրա։ Նրանք ցած էին նետել Ադրբեջանի դրոշը, կրոնական դրոշներ բարձրացրել, դեսպանատան պատին արաբերենով կարգախոսներ գրել։ Պատշգամբից նրանք կոչեր էին հնչեցնում, պնդելով, թե Ադրբեջանի կառավարությունը հալածում է որոշ շիա մահմեդականների։

Դեսպանատան վրա հարձակումը իրականացրած կազմակերպության ղեկավարը` կրոնական գործիչ Ալ-Հաբիբը Քուվեյթից է, ով ապաստան է ստացել Բրիտանիայում։ Նրա կազմակերպությունը հայտնել է, թե իրենց առաջնորդը ցուցում է տվել անհապաղ միջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Միջադեպը դատապարտել են Թյուրքական երկրների կազմակերպությունը, բրիտանա-ադրբեջանական միջխորհրդարանական խումբը։ Կովկասի մահմեդականների վարչությունն այն գնահատել է քաղաքական ահաբեկչության նախապես կազմակերպված գործողություն և վանդալիզմ։

«Մեր երկրի նկատմամբ սադրանքների հետևում կանգնած ուժերը և կազմակերպիչները պետք է իմանան, որ ադրբեջանական հասարակությունում արմատականները, ծայրահեղական ուժերը, նրանց ապակառուցողական գաղափարախոսությունը տեղ չունեն, և Ադրբեջանի հավատացյալները երբեք այդ ուժերի հետևից չեն գնա։ Քաղաքական պատվերով Ադրբեջանի դրոշը վիրավորելը կրոնի պաշտպանության պատրվակով անընդունելի սադրանք է, և մենք հույս ունենք, որ Բրիտանիայի կառավարությունը միջադեպի հետ կապված անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի»,- այսօր հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչությունը, որի ղեկավարը Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշա Զադեն է։

Աշխարհիկ համարող Ադրբեջանի բնակչության մեծ մասը շիա մահմեդականներ են։ 2015-ի աշնանը Բաքվում ավելի քան չորս տասնյակ մարդ էր ձերբակալվել, որոնք կասկածվում էին իսլամիստ ծայրահեղականների հետ կապեր ունենալու մեջ։ Մի քանի ամիս անց ուժային կառույցները հատուկ գործողություն իրականացրին Բաքվից 30 կիլոմետր հեռու գտնվող Նարդարան ավանում, որը համարվում է ադրբեջանցի շիա մահմեդականների կենտրոններից մեկը։ Այդ գործողության ընթացքում յոթ մարդ էր զոհվել, 20-ը ձերբակալվել էին։ Հատուկ գործողությունը իշխանությունը ներկայացրել էր որպես արմատական իսլամական զինված խմբի դեմ պայքար։

Ձերբակալվածներից շուրջ երկու տասնյակ կրոնական գործիչներ ու հավատացյալներ դատապարտվել էին երկարատև ազատազրկման, ամենախիստ պատիժը՝ 20 տարվա ազատազրկման էին դատապարտվել «Մահմեդական միասնություն» շարժման ղեկավար Թալե Բաղիրզադեն և նրա տեղակալ Աբաս Հուսեյնովը։

Your browser doesn’t support HTML5

Շիա ծայրահեղական մի խումբ ակտիվիստներ հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան վրա