Անկարայից ստացված հաղորդագրության համաձայն, ուրբաթ օրը՝ օգոստոսի 5-ին, Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով դուրս կգան պարենով բեռնված 3 նավեր: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Միասնական համակարգող խորհրդի ակտիվ գործունեության ծրագրի շրջանակներում վաղը ծրագրում ենք Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծով ուղարկել հացահատիկով երեք նավ»,- ասել է Աքարը:
Նա ասել է նաև, թե դատարկ թուրքական բեռնատարը Ստամբուլում ծրագրված ստուգումից հետո կմեկնի Ուկրաինա՝ հացահատիկը բեռնելու համար:
Աքարի խոսքով՝ Ուկրաինայից հացահատիկի փոխադրման հարցերը քննարկել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ:
Ուկրաինան և Ռուսաստանը հուլիսի 22-ին ՄԱԿ-ի և Թուրքիայի աջակցությամբ են կնքել ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի և բուսական յուղի փոխադրման գործարքը:
Առաջինն Ուկրաինայից՝ Օդեսայի նավահանգստից, «Ռազոնի» նավն է դուրս եկել Սև ծով: Այն փոխադրում է մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն Մերձավոր Արևելքի համար և պետք է խարիսխ գցի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում:
Օգոստոսի 5-ին Սոչիում պետք է հանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն Էրդողանի հետ օգոստոսի 5-ին Սոչիում կքննարկի ռազմատեխնիկական համագործակցության թեման