Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը և առաջացած լարվածությունը` ըստ պաշտոնական Բաքվի հաղորդագրության:
Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմը «սադրանքների է դիմում» ինչպես երկու երկրների սահմանամերձ շրջաններում, այնպես էլ «Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»: Նա հայտարարել է, թե «նման կերպ հայկական կողմը խախտում է» Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարությունները՝ ԵԽ նախագահի միջնորդությամբ։
Ադրբեջանական արտգործնախարարությունը հաղորդում է նաև, որ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը շեշտել է, որ մինչ այժմ Հայաստանի զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել «ադրբեջանական տարածքներից, և դա անընդունելի է»:
«Նշվել է, որ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը տարածաշրջանում լարվածության հիմնական պատճառն է», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Արմեն Գրիգորյանը շուրջ երկու շաբաթ առաջ տեղեկացրել էր, որ Արցախում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, իսկ պատերազմի ընթացքում Պաշտպանության բանակին օգնելու համար Արցախ գնացած ստորաբաժանումների՝ Հայաստան վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը երեկ մտահոգություն էր հայտնել կողմերի միջև վերջին օրերին աճող լարվածության առթիվ։
Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը դատապարտել են ադրբեջանական կողմի գործողություններն ու ագրեսիան:
Արդեն երրորդ օրն է` Արցախում լարված իրավիճակ է:Պաշտպանության բանակն այսօր հայտնել է երկու զոհի և վիրավորների մասին, ըստ հաղորդման` ադրբեջանական կողմը կիրառել է ականանետեր, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմը ևս զոհի մասին է հայտնել:
Շփման գծի լարվածության այս ֆոնին` երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Այսօր Բաքվի պահանջին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր արձագանքել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։