Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է

Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի բաց է, հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:

«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի «Բերձորի հումանիտար միջանցք»-ում դեպքեր ու պատահարներ չեն արձանագրվել: Ազատ ու անվտանգ երթևեկն ապահովվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից», - ասված է հաղորդագրության մեջ:

Շփման գծի լարվածության ֆոնին երեկ Ստեփանակերտը հայտնեց, որ Բաքուն պահանջել է Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպել։ Թե ի՞նչ ժամկետներում ու արդյոք հայկական կողմը համաձայն է ադրբեջանական կողմի պահանջին, չէր հստակեցվել։ Այսօր Արցախի նախագահականից էլ չպարզաբանեցին։ Արայիկ Հարությունյանի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն «Ազատությանը» հայտնեց, որ ավելի ուշ կմեկնաբանեն։

Այսօր ավելի վաղ Բաքվի պահանջին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն էր անդրադարձել։ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։