Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը թույլ կտա Հարավային Կովկասում տարածաշրջանային լիարժեք համագործակցություն իրականացնել։
Հետկոնֆլիկտային իրավիճակի մասին Բայրամովն ասել է, թե կրկին ներկայացնում է Ադրբեջանի դիրքորոշումը, որ Հայաստանի հետ հարաբերությունները պետք է նորմալացվեն՝ խստորեն հետևելով միջազգային իրավունքի, մասնավորապես «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների» սկզբունքներին։
«Դա է բանալին անվտանգ, կայուն և բարգավաճ Հարավային Կովկաս կառուցելու և լիարժեք տարածաշրջանային համագործակցության համար։ Այս առումով Ադրբեջանի դիրքորոշումը սկզբունքային է և կայուն», - այսօր Տաշքենդում ասել է Բայրամովը՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի արտգործնախարարների մամուլի համատեղ աուլիսում։
Նա համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացումը օգուտներ կբերի բոլոր կողմերին։
«Մենք համոզված ենք, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների բացումը, ներառյալ Զանգեզուրյան միջանցքը, կծառայեն միջազգային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, այդ կերպ օժանդակելով տարածաշրջանում խաղաղության և զարգացման հետագա ամրապնդմանը»,- հայտարարել է Բայրամովը։