Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ միջուկային պատերազմում հաղթող չի լինի և այդպիսի առճակատում երբեք չպետք է սանձազերծվի:
Այդ մասին Պուտինն ասել է Միջուկային սպառազենի չտարածման պայմանագրի իրականացման 10-րդ դիտորդական համաժողովի մասնակիցներին հասցեագրված ուղերձում:
«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդպիսի պատերազմում չեն կարող լինել հաղթողներ, մենք համաշխարհային հանրության բոլոր անդամների համար հավասար և անբաժանելի անվտանգության կողմնակից ենք», - ասվում է Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական ուղերձում:
Պուտինի փոխանցմամբ, Միջուկային սպառազենի չտարածման պայմանագրի գործողության ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում այդ փաստաթուղթը դարձել է անվտանգության միջազգային համակարգի և ռազմավարական կայունության առանցքային տարրերից մեկը:
Միջուկային սպառազենի չտարածման 10-րդ դիտորդական կոնֆերանսը պետք է գումարվեր 2020 թվականի մայիսին Նյու Յորքում, սակայն հետաձգվել է կորանավիրուսի համավարակի կապակցությամբ: Ժողովն այսօր է սկսվել և կտևի մինչև օգոստոսի 26-ը:
Միջուկային սպառազենի չտարածման միջազգային պայմանագիրը ստորագրվել է 1968 թվականին:
Դրանով օրինականացվել են Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Խորհրդային Միության (հետագայում Ռուսաստանի), Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջուկային զինանոցները:
Այլ երկրներ չունեն միջուկային զենք ստեղծելու իրավունք: Պայմանագիրը կնքել են ավելի քան 190 պետություններ:
Պայմանագրին չեն միացել Իսրայելը, Հնդկաստանը և Պակիստանը: 2003 թվականին պայմանագրից դուրս է եկել Հյուսիսային Կորեան: