Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխպետքարտուղարի հետ

Արխիվ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ` քննարկելով տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը։

Նրանք, ըստ ԱԳՆ հաղորդագրության, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Միրզոյանն ու Դոնֆրիդն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարը խախտելու մասին Ադրբեջանից պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որոնք հայկական կողմը հերքում է:

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էր հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Իսկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը: