Ուժգին ռմբակոծության են ենթարկվել Խարկովը և Նիկոլաևը

Ուկրաինա - Խարկովի ռմբակոծության հետևանքները, 31-ը հուլիսի, 2022թ.

Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը հաղորդել է գիշերը ուկրաինական այս քաղաքի ռմբակոծության մասին՝ անվանելով այն մինչ այժմ ամենաուժգինը:

Ըստ Սենկևիչի՝ պայթյուններից հետո մի քանի հրդեհ է բռնկվել, ավերվել և վնասվել են բնակելի շենքեր, փրկարարական աշխատանքների մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ:

Հաղորդվում է նաև, որ ռմբակոծության հետևանքով իրենց տանը զոհվել են Ուկրաինայի ազգային հերոս, «Նիբուլոն» ագրարային ընկերության հիմնադիր 74-ամյա Ալեքսեյ Վադատուրսկին և նրա կինը: Վադատուրսկին 24-րդն էր ամենահարուստ ուկրաինացիների ցուցակում՝ 430 միլիոն դոլար կարողությամբ:

Խարկովին նույնպես գիշերը և առավոտյան ուժգին հարվածներ են հասցվել, հաղորդել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, թե «Կրակեն» խմբավորման ժամանակավոր տեղակայման վայր դարձած՝ Խարկովի մեխանիկական տեխնիկումի տարածքին հասցված օդային հարվածից զոհվել է մինչև 350 ուկրաինացի զինծառայող, ոչնչացվել է 11 միավոր զինտեխնիկա:

Շարունակվում են մարտական գործողությունները Դոնբասում, կողմերը հաղորդում են միմյանց մեծաթիվ կորուստների մասին: