Իրավապահները քրեական գործ են հարուցել՝ պարզելու՝ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն օրերս վտանգավոր նյութերով կամ թափոններո՞վ է աղտոտել Դեբեդի ջրերը, էական վնա՞ս է պատճառել բնությանը, թե՞ ոչ։
Նախկինում դարձյալ եղել են դեպքեր, երբ Դեբեդի ափամերձ բնակավայրերի այգետերերն ու բնապահպաններն արձանագրել են, որ գետը գունափոխվել է, ափերը՝ թանձր ու մոխրագույն զանգվածով պատվել։ Բայց մինչև 200 հազար դրամ տուգանքով հարցը փակվել է, գործը քրեական վարույթին չի հասել։ Քննչական կոմիտեից ու բնապահպանական տեսչությունից հնարավոր չեղավ պարզել՝ արդյո՞ք այս անգամ հիմնավոր կասկածներ կան, որ աղտոտվածությունը հանցավոր չափերի է հասել։ Հորդորում են սպասել նախաքննության ավարտին։
Մինչդեռ Դեբեդի ջրերով այգիներ ոռոգող գյուղացիներն ահազանգում են՝ սա արդեն պարբերաբար կրկնվող աղետ է, որ վնասում է իրենց ու բերքը հատկապես ոռոգման սեզոնին: Շնողցի Նովլենդ Հարությունյանը կասկածներ ունի, թե թունավոր ջրերով է ոռոգում իր այգիները։
«Հատկապես գիշերներն են թողնում կամ առավոտ շուտ արթնանում ես, մեկ էլ տեսնում ես, որ գետն էնքան թունավոր է, էդ թույնը քաշել է արդեն հողի մեջ, իսկ էդ հողի միջի թույնը ուզում ես հարյուրապատիկ մաքուր գետի ջրով ջրի, միևնույն է, էդ ծանր մետաղներն արդեն հողի մեջ են: Դա չի կարա էնքան խորանա, որ լվացվի գնա հողի միջից, ծառերը չորանում են», - ասաց Հարությունյանը:
Դեռ կես ամիս առաջ Դեբեդի աղտոտված ջրերի մասին համացանցում առաջինն ահազանգել ու տեսանյութեր էր հրապարակել Ալավերդիում գործող Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը։ «Ազատությանն» ասաց՝ նման ահազանգեր տարիներ շարունակ են արել, լուր տվել պետական մարմիններին, այդ թվում՝ իրավապահներին, որ հանքարդյունաբերող այս ընկերությունը պարբերաբար խախտում է շրջակա միջավայրի պաշտպանության օրենքները։ Ընդ որում, առաջին անգամ խնդիրը տեսել ու բարձրաձայնել են ոչ միայն Լոռու, այլև Տավուշի մարզի բնակիչները։
«Դա մի խողովակաշար է և ընդհանրապես երևի վերջին հինգ տարիների ընթացքում բազմիցս ենք այնտեղ ֆիքսել արտահոսքեր: Նախկին ահազանգումների հիման վրա շատ են եղել դեպքեր և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են տարածք ու արձանագրել, որ այս պահին չկա, ջուրը դե պարզված էր լինում, ինչ-որ ջրանմուշ էին վերցնում գնում, ու որևէ լուր իրենցից այլևս չէինք ունենում», - ասաց Դուլգարյանը:
Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից ասացին՝ իրենք էլ են հետևելու քրեական գործի նախաքննությանը, մինչ այդ հրաժարվեցին մեկնաբանել՝ եղե՞լ է վթար, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափի է եղել արտահոսքը։ Բայց չհերքեցին՝ նման վթարներ արտադրական պրոցեսում լինում են։ Պղնձի խտանյութ արտադրող Ախթալայի կոմբինատը փակ եղանակով է արդյունահանում հանքաքարը։ Ուստի այստեղ վստահեցնում են, թե իրենց արտադրության համար պոչամբար պետք չէ։ Նախկինում ունեցած Նահատակի պոչամբարն էլ արդեն կոնսերվացնում են, մինչև եկող տարվա վերջ կվերջացնեն աշխատանքը։ Մինչդեռ բնապահպաններն ու բնակիչները ժամանակ առ ժամանակ գետի ջրերում պոչանքների երևալը պատահականություն չեն համարում։ Նշում, թե սա սովորական վթարի հետևանք չի կարող լինել, բայց տարիներ շարունակ, եթե անգամ, դիմել են պետական կառույցներին արդյունք չեն տեսել։
Քանի դեռ չկա իրավապահների վերջնական պատասխանը, այգետերերն իրենց ու հարևանների նախկին դիմումներն են հաշվում ու կասկածում, թե այս անգամ էլ բացի թուղթ ու թանաքից որևէ արդյունք կգրանցվի իրենց տարիներով աճեցրած ծառերի փրկության հարցում։