Ըստ բրիտանական հետախուզության, Մոսկվան ՌԴ-ին միանալու «հանրաքվեներ» է ծրագրում Ուկրաինայի տարածքներում

Ուկրաինացիները պետական դրոշներով և բողոքի ակցիաներով են դիմավորում ռուսական բանակը, արխիվ, Խերսոն, 20 մարտի, 2022թ.

Մոսկվան Ուկրաինայում ռուսների հսկողության տակ հայտնված տարածքների ղեկավարներից պահանջում է կազմակերպել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեներ:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզական վարչության փորձագետները ենթադրում են, որ այդ «հանրաքվեները» կարող են տեղի ունենալ մինչև այս տարեվերջ:

«Տեղական իշխանությունները բնակիչներին համոզում են հայտնել անձնական տվյալները, որոնք հետագայում կօգտագործվեն ընտրողների ցուցակները կազմելու համար», - հայտնել են բրիտանացի փորձագետները:

Խերսոնում Մոսկվայի կողմից նշանակված ռազմական վարչակազմը մի քանի շաբաթ առաջ արդեն հայտնել է, որ ցանկանում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանին միանալու հարցով:

Խերսոնը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար: Ռուսական բանակն այդ սևծովյան քաղաքը գրավել է փետրվարի 24-ին Ուկրաինա ներխուժելուց ընդամենը մի քանի օր անց:

2014 թվականին Ռուսաստանն ապօրինաբար զավթել է Ղրիմի թերակղզին և այն «հանրաքվեով» հայտարարել Դաշնության մաս:

Այդ, ամենայն հավանականությամբ, կեղծված «հանրաքվեի» արդյունքներով Ղրիմի բնակիչների 97 տոկոսը քվեարկել է հօգուտ Դաշնությանը միանալուն: