ՄԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանի առաջնահերթություններից է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղումը, որը ներառում է նաև ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության պաշտպանությունը։ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ, Մալդիվների ԱԳ նախարար Աբդուլլա Շահիդի հետ հանդիպմանն ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ԳԱ նախագահը ավելի վաղ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա Թվիթերի իր պաշոնական էջից ջնջել Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցի վերաբերյալ թվիթը։ Պաշտոնական Անկարան կոշտ քննադատության էր արժանացրել նրա այդ այցը:
Այսօր Աբդուլլա Շահիդին ընդունել է նաև հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: Հայաստանցի պաշտոնյաները, ըստ հաղորդագրությունների, անդրադարձել են տարածաշրջանային կայունության և խաղաղության հարցերին, բարձրաձայնել հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման անհրաժեշտությանը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, նշել, որ երկարատև և կայուն խաղաղության հաստատումը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար: