ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Ջոզեֆ Բայդենի և Սի Ծինպինի հեռախոսազրույցը շարունակվել է ավելի քան երկու ժամ, հաղորդում է AP գործակալությունը։
Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ` երկու նախագահների զրույցը մեկնարկել է Վաշինգտոնի ժամանակով ժամը 8:33-ին և ավարտվել 10:50-ին: Արևմտյան աղբյուրները նախագահների հեռախոսազրույցի մասին հավելյալ մանրամասներ այս պահին չեն հայտնում։
Նախագահների բանակցություններից առաջ երկու երկրների դիվանագիտական աղբյուրները պնդում էին, որ Բայդենի և Սի Ծինպինի այսօրվա քննարկման գլխավոր օրակարգային թեմաներն են լինելու Ուկրաինան և Թայվանը։ Վաշինգտոնի և Պեկինի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել էր Թայվան այցելելու մտադրության մասին։ Պաշտոնական Պեկինը հակադարձել էր, որ Փելոսիի նման այցը «որպես սադրանք կդիտարկի»։
«Նման այցից բխող բոլոր հնարավոր հետևանքները կրելու է Միացյալ Նահանգները», - նախագահների հեռախոսազրույցից մի քանի ժամ առաջ հայտարարել էր Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ժաո Լիյանը։
Օրերս Փելոսիի հնարավոր այցին անդրադարձել էր նաև ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ նշելով. «Ամերիկացի զինվորականների կարծիքով` նման այցը այս պահին լավագույն գաղափարը չէ»։
Եթե Փելոսին, այնուամենայնիվ, որոշի այցելել Թայվան, ապա նա կդառնա ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որ վերջին 25 տարիների ընթացքում ոտք է դնում կղզի։1997 թվականին Թայվան էր այցելել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան այն ժամանակվա խոսնակ, հանրապետական Նյուտ Գինգրիչը։