Վաշինգտոնը և Մոսկվան քննարկում են երկու երկրներում տարբեր հոդվածներով մեղադրվող կամ արդեն դատապարտված քաղաքացիներին փոխանակելու հնարավորությունը: Երեկ այդ մասին է ասել Միացյալ Նահանգների պետական քարտուղարը, ով մտադիր է հարցը քննարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ:
«Առաջիկա օրերին ես զրուցելու եմ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, դա կլինի մեր առաջին զրույցը պատերազմի մեկնարկից հետո: Արծարծելու եմ մեզ համար առաջնահերթ խնդիրը՝ անարդար կալանավորված ամերիկացիներ Փոլ Ուիլանի և Բրիթնի Գրայների ազատ արձակումը, նրանք պետք է տուն վերադառնան: Մենք 24/7 ռեժիմով ենք աշխատում Բրիթնիին և Փոլին տուն վերադարձնելու համար: Մենք սեղանին ենք դրել էական առաջարկ նրանց ազատումն ապահովելու համար», - ասել է Էնթոնի Բլինքենը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ CNN․ «Վաշինգտոնը Մոսկվային առաջարկում է կալանավորների փոխանակում իրականացնել»Ըստ և՛ ամերիկյան, և՛ ռուսական հաղորդագրությունների, կողմերը քննարկում են Ուիլանին և Գրայներին ռուսաստանցի Վիկտոր Բուտի հետ փոխանակելու տարբերակը:
Նախագահ Ջո Բայդենը դրան հավանություն է տվել: Երեկ ավելի ուշ դա հաստատել է նաև Սպիտակ տունը, նշելով, որ նախագահի թիմը պատրաստ է «արտակարգ և դժվարին որոշումների գնով ազատել երկու ամերիկացիներին»:
«Մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում նրանց ազատ արձակումն ապահովելու հարցին, մենք լուրջ առաջարկ ենք արել և ուզում ենք, որ ռուսներն էլ այն լրջությամբ ընդունեն», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
Վիկտոր Բուտը, որին Մոսկվան «գործարար» է անվանում, զենքի մաքսանենգության հոդվածով ԱՄՆ-ում դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:
Նախկին զինվորական թարգմանիչ և առևտրական Բուտին ձերբակալել են 2008-ին Թայլանդում և 2010-ին փոխադրել են Ամերիկա, որտեղ դատապարտել են հարավամերիկյան, աֆրիկյան և մերձավորարևելյան բռնապետական ռեժիմներին զենք և զինամթերք վաճառելու համար:
Բրիթնի Գրայները պրոֆեսիոնալ մարզուհի է, ԱՄՆ-ի բասկետբոլի կանանց հավաքականի կազմում երկու անգամ օլիմպիական ոսկի է վաստակել, վերջին տարիներին խաղացել է Եկատերինբուրգի թիմի կազմում: Նա ձերբակալվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ թմրադեղ ապօրինի ճանապարհով Ռուսաստան բերելու մեղադրանքով: Գրայները հերքում է մեղադրանքը և պնդում, թե բժշկից ստացած դեղատոմսով է գնել կանեփի յուղը, որը ցավազրկող ազդեցություն ունի: Նա ասել է՝ գիտի, որ այն արգելված է Ռուսաստանում, և Ամերիկայից Ռուսաստան մեկնելիս սխալմամբ է յուղով սրվակները դրել պայուսակի մեջ: Այժմ Գրայների դատաքննությունն է ընթանում:
Փոլ Ուիլանը նախկին զինծառայող է, ըստ ռուսական կողմի՝ ձերբակալվել է 2018 թվականի դեկտեմբերին «Մետրոպոլ» հյուրանոցում լրտեսական գործողություն իրականացնելու պահին: Նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման և պատիժը կրում է խիստ ռեժիմի գաղութում: Ուիլանը հերքում է մեղադրանքը և պնդում, որ իրեն մեղսագրվող լրտեսական գործողությունը ռուսների կազմակերպած սադրանք է և բեմականացում:
Մինչդեռ, Մոսկվան նշում է, որ այսօրվա դրությամբ Բուտի, Գրայների և Ուիլանի փոխանակման հարցում ոչ մի կոնկրետ որոշում չկա: Այդ մասին առավոտյան հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան: Գերատեսչությունը նշում է նաև, թե առայժմ չկա Լավրով - Բլինքեն հեռախոսազրույց կազմակերպելու համաձայնություն:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հավանական փոխանակման վերաբերյալ երեք հանգամանք է նշել: «Նախ, ինչ գիտենք՝ այն է, որ այո, կան այդպիսի հաղորագրություններ և հայտարարություններ: Երկրորդ՝ նման թեմաների քննարկման ժամանակ տեղեկատվական արտահոսքեր սովորաբար չեն արվում, սովորաբար հայտնի է դառնում արդեն իրականացված փոխանակման մասին: Եվ երրորդ՝ տվյալ հարցում պայմանավորվածություններ դեռ չկան», - ասել է Կրեմլի խոսնակը: