Համազգային ու Գյումրու դրամատիկական թատրոնները համատեղ ներկայացում են բեմադրում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հետ այս օրերին փորձարարական նախաձեռնություն է սկսել՝ համատեղ բեմադրելով ներկայացումներ նախ Գյումրիի, հետո արդեն նաև մայրաքաղաքի թատերասերների համար։

«Այս պահին Գյումրիում ենք ամբողջ հուլիս և օգոստոսին նույնպես և համատեղ երկու թատրոններ իրար հետ` Գյումրու Դրամատիկ պետական թատրոնը և Համազգայինը, ներկայացում են անում իրար հետ, Նիկոլայ Ծատուրյանն է բեմադրում Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը»: Կեսը Գյումրիի դերասաններն են, կեսը` Համազգայինի, երկու կազմով իրար հետ ներկայացում ենք անում, և դա երկու թատրոնների պրեմիերա է լինելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը:

Նրա փոխանցմամբ` պրեմիերան սեպտեմբերի 24-25-ին Գյումրիում է լինելու, հոկտեմբերի 1-2-ին` Երևանում` Համազգային թատրոնում:

«Առանցքը, իհարկե, Նիկոլայ Ծատուրյանն էր, որովհետև երկու թատրոններում էլ ինքը շատ սիրված ռեժիսոր է, և երկու թատրոններն էլ շատ սիրում ենք իրեն, և ինքը որ բեմադրում էր, սկզբից փորձերը սկսվել էին Համազգայինում, այսինքն` այնտեղ ես ուսուցիչն եմ, և երեխան էլ, ով շատ-շատ վայրենի է և վայրի, պիտի սանձի երեխային էլի, տրանսֆորմացիա է տեղի ունենում ներկայացման ընթացքում: Սա իրական դեպքի հիման վրա է:

Փորձերը սկզբից մի քիչ արել ենք Համազգայինում, որովհետև ամենաբարդը երեխայի դերն է իրականում, հետո արդեն եկել ենք, Գյումրու թատրոնում բեմը պատրաստ է, բեմի վրա ենք փորձեր անում, և երբ արդեն բերենք Համազգային թատրոնի բեմ, ինչ-որ մասեր պակասելու են, որովհետև մեր բեմն ավելի փոքր է», - ասաց Նարինե Գրիգորյանը:

Երկու թատրոնների ուշագրավ այս փորձը հանդիսատեսի համար համատեղ ներկայացում բեմադրելու նորույթ է մեր թատերական աշխարհում, և ինչպես ընդգծում է Նարինե Գրիգորյանը, այն բավական արդյունավետ հեռանկարներ է նախանշում՝ հետագայում նաև մարզային այլ թատրոնների հետ համատեղ ներկայացումներ բեմադրելու համար` իրագործելով նմանատիպ ծրագրեր:

«Ընդհանրապես երևի առաջին փորձառությունն է թատերական աշխարհում, որ երկու թատրոնները համատեղ մեկ պրեմիերա են ունենում: Սա երկու թատրոնների ներկայացումն է դառնում:

Թատրոնը միշտ խնդիր ունի ճահիճ դառնալու, որովհետև նույն բեմը, նույն խաղընկերները, նույն ռեժիսորը, հիմա փոխվել է բեմը: Պատկերացրեք` Գյումրու բեմում խաղալը և Համազգայինում տարբեր է: Դա շատ ճկունություն է պահանջում, հետո հիմա խաղընկերը երեխա է, և այդտեղ էլ բարդություն կա», - ասաց նա` հավելելով, որ Գյումրու թատրոնը շատ լավն է, կազմակերպված, և մեծ հաճույք է միասին աշխատելը. «Եվ հիմա օրինակ` մեր խաղընկերները, ես ու Տաթևն ենք Ղազարյան, երեխան, որ Երևանից ենք եկել, և Տիգրանը Գաբոյան, Արփինեն, Սարգիսը, դերասանների փոխադարձ փորձի փոխանակում է տեղի ունենում, և իրենք գալու են, և Երևանի հանդիսատեսն է իրենց տեսնելու, մեզ էլ` Գյումրու հանդիսատեսը, այսինքն` նաև նոր հանդիսատես ենք ձեռք բերում, թատրոնը ձեռք է բերում նոր քաղաքի հանդիսատես, բայց սրան զուգահեռ Մարգարյան Գոռը բեմադրում է անում Գյումրու թատրոնում, այսինքն` բեմի հետևի մասում, և գլխավոր դերում Տաթևիկ Ղազարյանն է և Արսեն Սաղաթելյանը: Այդպիսի մի պրեմիերա էլ կա»:

Նարինե Գրիգորյանը հայտնեց նաև, որ տեղում նաև թատերայնացված ընթերցանություն էլ կլինի, իսկ օգոստոսի 26-ին բեմադրելու են «Եվ նորից գարուն»-ը «Երևանի օրերը Գյումրիի» շրջանակներում: