ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ` քննարկելով երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
Հայաստանի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, գերիների վերադարձին, անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանն առնչվող հարցեր, հաղորդում է կառավարությունը:
ԱՄՆ պետքարտուղարը Միացյալ Նահանգների պատրաստակամությունն է հայտնել` աջակցելու այս հարցերի լուծումներին` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող: Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, վերահաստատել է խաղաղության օրակարգին գնալու պատրաստակամությունը` ընդգծելով, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Թվիթերում գրել է, որ լավ քննարկում է ունեցել Հայաստանի վարչապետի հետ «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորության մասին»:
Բլինքենը ողջունել է Երևանի «դրական քայլերը» ընդառաջ Անկարային և Բաքվին: Ըստ նրա` տարածաշրջանային երկրների միջև քննարկումները առանցքային են Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար:
Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ևս և կոչ է անում զարգացնել հետագա առաջընթացը տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ:
Փաշինյանն ու Բլինքենը խոսել են հայ-թուրքական կարգավորման գործընթացի մասին նույնպես: Բլինքենը, ողջունելով Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, նշել է, որ ԱՄՆ պատրաստակամ է աջակցել երկու հարևան երկրների հարաբերությունների կարգավորմանը:
Ամերիկյան Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը վարչապետի հետ քննարկել է «տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի և Ադրբեջանի պատմական հնարավորությունը» և առաջարկել Միացյալ Նահանգների աջակցությունը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնմանը: Բլինքենը խրախուսել է երկխոսությունը կողմերի միջև և ողջունել երկու երկրների արտգործնախարարների վերջերս կայացած հանդիպումը Թբիլիսիում:
Պետքարտուղարը, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, նաև վերահաստատել է աջակցությունը Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քննարկումներին և ընդգծել, որ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ 1994 թվականից՝ «ԱՄՆ-ը պատրաստ է ներգրավվել ինչպես երկկողմանիորեն, այնպես էլ համախոհ գործընկերների հետ՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարատև համապարփակ խաղաղություն»:
Բլինքենը նաև ողջունել է Փաշինյանին Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժի և ձեռք բերված կոնկրետ համաձայնությունների կապակցությամբ, ասված է Փրայսի հաղորդագրությունում:
Ադրբեջանի նախագահի հետ ԱՄՆ պետքարտուղարի հեռախոսազրույցի մասին Պետդեպարտամենտի խոսնակի հաղորդագրությունում բացի վերոնշյալից ասված է, որ Բլինքենն Ալիևին հորդորել է ազատ արձակել «բոլոր մնացյալ հայ ձերբակալվածներին»:
Հուլիսի 11-ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի ու Թուրքիայի առաջնորդները ընդգծել էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը: