Չնայած ծանր վիրավորանքը ապաքրեականացվել է՝ Արտակ Ավետյանի դեմ քրեական հետապնդումը չի դադարեցվել

Ավելի քան 20 տարի Գերմանիայում բնակվող Արտակ Ավետյանը մեկ ամիս առաջ ընտանիքի հետ եկել է հայրենիք՝ հանգստի, սակայն հենց օդանավակայանում բացահայտել է, որ հետախուզման մեջ է։ Ավելի ուշ Ավետյանը պարզել է, որ մեղադրվում է արդեն գոյություն չունեցող՝ ծանր վիրավորանքի հոդվածով։

Թեև հուլիսի 1-ից ծանր վիրավորանքը ապաքրեականացվել է, բայց 50-ամյա տղամարդը դեռ մեղադրյալի կարգավիճակ ունի, ինչի պատճառով էլ չի կարող լքել երկիրը։

«Բոլորով անցնում ենք սահմանը՝ ես, կինս, երկու փոքր երեխա, բոլորին թողնում են, իմ անձնագիրը պահած, երկու հոգի մոտենում են իրար, խոսում են, բնականաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ «ինչ-որ խնդիր կա՞», սահմանապահն ասում է՝ «հա», մոտենում է մեկ այլ սահմանապահ՝ «եկեք իմ հետևից, ձեզ ոստիկանությունն է որոնում», «լավ, իսկ պատճառը», իրենց մոտ միայն երևում է, որ որոնման մեջ եմ, վերջ, սահմանը հատել եմ, իրենք պետք է պարտադիր ոստիկանությանը տեղեկացնեն», - պատմեց Ավետյանը:

Կնոջն ու երկու մանկահասակ երեխաներին տուն ուղարկելուց հետո տղամարդը տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, որտեղ ողջ գիշերն անցկացնելուց հետո միայն առավոտյան է տեղեկացել, որ արդեն 4 ամիս մեղադրվում է վարչապետ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու գործով։ Ֆեյսբուքում ակտիվ օգտատերը մարտին մի գրառում է արել այն մասին, որ պատերազմում գտնվող երկիրը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի և վիրավորական բառ ուղղել վարչապետ Փաշինյանի հասցեին։

«Երբ որ քննիչը եկավ, բնականաբար, քննիչին ես էլ խնդրեցի, որպեսզի ինքը ծանոթացնի, ես հասկանամ՝ ինչն են իրենք համարում, որը շատ վիճելի է այդ գրառումը, էդ կոնտեքստը: Ըստ իրանց, ես վիրավորել եմ Նիկոլ Փաշինյանին», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին ապաքրեականացնել «ծանր վիրավորանքը» 

Ծանր վիրավորանքը ապաքրեականացվեց տեղական ու միջազգային մի շարք կազմակերպությունների քննադատություններից հետո։ Ինչո՞ւ դրանից հետո չի դադարեցվում Ավետյանի դեմ քրեական հետապնդումը, քննիչը նրան բացատրել է, որ ինքը ծանուցել է դատախազին, քանի որ միայն նա կարող է նման որոշում կայացնել։

«Թե ինչ է ասում դատախազությունը, ես դա չգիտեմ, ես չգիտեմ անգամ, թե քննիչը երբ է դիմել, որովհետրև ես երեկ կապվեցի քննիչի հետ, հարցրեցի, ըստ իր խոսքերի, ինքը դիմել է», - նշեց Արտակ Ավետյանը:

Մյունխենում ծրագրավորող աշխատող Ավետյանը միակը չէ, ով շարունակում է ծանր վիրավորանքի համար մեղադրվել։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը փոխանցեց՝ ևս մի քանի անձ սպասում են դատախազի որոշմանը։

«Այստեղ օրենքի պահանջի չկատարման փաստի հետ գործ ունենք». իրավապաշտպան

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որ անցած մեկ տարում քննադատում էր իշխանություններին ծանր վիրավորանքը քրեականացնելու համար, այժմ պնդում է՝ մեկ տարվա կյանք ունեցած վիճահարույց հոդվածը ապաքրեականացնելուց հետո իրավապահները պարտավոր էին օրենքի ուժով անհապաղ դադարեցնել բոլոր մեղադրյալների քրեական հետապնդումը։

«Այստեղ օրենքի պահանջի չկատարման փաստի հետ գործ ունենք, բայց հաշվի առնելով, որ նաև վերաբերում է վիրավորանքի հետ կապված, պետք է մտածել, որ իհարկե, գոյություն ունի նաև քաղաքական, այսպես կոչված, նպատակահարմարություն: Ես գտնում եմ, որ ինքնին արդեն այդ հոդվածները չպետք է ընդունվեին, ի սկզբանե մենք դրա մասին ասում էինք, և առավել ևս չպետք է կիրառվեին ընդհանրապես: Պետք է ենթադրել, որ ունի քաղաքական դրդապատճառներ», - ընդգծեց Սաքունցը:

Նման վերաբերմունքն անթույլատրելի ու անպատասխանատու համարող իրավապաշտպանը Ավետյանին ու այս խնդրի առջև կանգնած մյուս քաղաքացիներին խորհուրդ է տալիս իրենց իրավունքների վերականգնման համար դիմել դատարան։

«Տարօրինակ է, որ հայաստանյան իրականության մեջ արդեն նման խոսույթները դեռևս շարունակում են մնալ, որ ինչո՞ւ չի կատարվում օրենքի պահանջը: Իսկ ինչո՞ւ չպետք է կատարվի օրենքի պահանջը, այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այստեղ գլխավոր դատախազն անմիջական պատասխանատվություն ունի նման հիմքով հարուցված բոլոր քրեական գործերով հանձնարարական տալու», - ասաց Արթուր Սաքունցը:

Գլխավոր դատախազությունից այսօր չհաջողվեց այս հարցի շուրջ մեկնաբանություն ստանալ։ Ավելի վաղ, արդարադատության փոխնախարարն «Ազատությանն» ասել էր, որ ապաքրեականացումը դիտարկվում է որպես գործի կարճման հիմք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանր վիրավորանքի հոդվածով 9 ամսում 802 քրգործ է հարուցվել․ մասնագետներն օր առաջ օրենքի չեղարկումն անհրաժեշտություն են համարում

Պաշտոնական վերջին տվյալներով, արդեն գոյություն չունեցող հոդվածով հարուցվել էր ավելի քան 800 քրեական գործ, որից ավելի քան 50-ն արդեն դատարանում են։ Այս գործերի մեջ մեծ թիվ են կազմում իշխանությունների և մասնավորապես վարչապետ Փաշինյանին վիրավորելու վերաբերյալ դեպքերը։ Ծանր վիրավորանքի հոդվածով 6 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է ուժի մեջ մտել, սակայն նրանցից ոչ ոք ազատազրկված չէ, թեև հոդվածը մինչև 3-ամսյա ազատազրկում էր նախատեսում։ Ուժի մեջ մտած վճիռներով դատապարտվածները արդարացված չեն և համարվում են դատվածություն ունեցողներ։