Սպիտակ տունը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ ախտանիշները նվազում են, նա լավ տրամադրություն ունի։
Նախօրեին՝ կորոնավիրուսի թեստի դրական պատասխանը ստանալու հաջորդ օրը, նախագահ Բայդենը հեռավար մասնակցել է տնտեսական հարցերով խորհրդականների հետ հանդիպմանը։ Նիստի ընթացքում նա հայտարարել է, որ իրեն լավ է զգում։
Սպիտակ տան բժիշկ Քևին Օ'Քոնորի տարածած հայտարարության համաձայն՝ նախագահը երբեմն չոր հազ է ունենում, քթահոս և հոգնածություն։ Հայտնի չէ, թե որտեղ է ԱՄՆ նախագահը կորոնավիրուսով վարակվել․ Սպիտակ տան խոսնակ Քերըն Ժան-Պիեռը տեղեկացրել է, որ նախագահի աշխատակազմը կապ է հաստատել 17 անձանց հետ, ովքեր վերջերս սերտ կապի մեջ են եղել նախագահի հետ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաների և Կոնգրեսի անդամների, սակայն այդ անձանցից որևէ մեկի թեստը դրական չի եղել։